Ծրագրավորման և համակարգչային անվճար դասընթացներ՝ գյումրեցի և վանաձորցի երիտասարդների համար
ՏՀՏ-ն Հայաստանում
09:43 26/11/2015

Ծրագրավորման և համակարգչային անվճար դասընթացներ՝ գյումրեցի և վանաձորցի երիտասարդների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ ու պահանջված կադրեր պատրաստելու նպատակով Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում և ծրագրեր կյանքի կոչվում: Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ մայրաքաղաքից դեպի տարածաշրջան ապակենտրոնացնելու գործում շոշափելի արդյունքներ ունեն ՁԻՀ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր։

Այսպես, 2015 թվականի օգոստոսից Տեղեկատվական Տեխնոլոգիաների և Մուլտիմեդիայի, Համակարգչային Ճարտարագիտության և Ծրագրավորման ոլորտի անվճար մեծածավալ դասընթացներ են իրականացվում Հայաստանի երկու քաղաքներում՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում: Ոլորտում մեծ կարևորություն ունեցող այս ծրագրին աջակցում են Հայ Օգնության Ֆոնդը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Եռաչափ Մոդելավորման Ուսումնական Կենտրոնը և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՁԻՀ-ից, իրականացված աշխատանքների արդյունքում ներկայումս 200 երիտասարդ Գյումրիում և 120՝ Վանաձորում բացառիկ հնարավորություն ունեն ուսումնասիրելու, սովորելու ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ծանոթանալ, ուսուցանվել ու հմուտ գիտելիքներ ձեռք բերել ծրագրավորման և համակարգչային ճարտարագիտության ոլորտներում՝ բացարձակապես անվճար հիմունքներով: Այս ծրագրի շրջանակներում երկու քաղաքների երիտասարդները կտիրապետեն նորարարությունների բոլոր նրբություններին ու հնարավորություն կունենան իրենց ուրույն տեղը գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Նախատեսվում է, որ մինչև ծրագրի ավարտը Գյումրիում 1500 և Վանաձորում 1250 ուսանողներ հնարավորություն կունենան համապատասխանաբար մասնակցելու 6500 և 5000 ժամ տևողությամբ դասընթացների: Ձեռնարկությունների ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրին աջակցում են Համաշխարհային Բանկը և ՀՀ կառավարությունը։ Նպատակը հստակ է՝ կարճ ժամկետում պատրաստել ՏՏ ոլորտի մասնագետներ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ստեղծվեն տարածաշրջանում, ինչպես նաև ընկերություններն իրենց մասնաճյուղերն ունենան նաև մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում և Վանաձորում: Ծրագրի նկատմամբ վստահությունը, սահուն մեկնարկն ու ուսանողների ակտիվ և առաջադեմ մասնակցությունը խոստումնալից է. այս երիտասարդները, մուտք գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ոչ միայն շրջանցում են գործազրկության ռիսկը, այլև ուղղակիորեն նպաստելու են աշխատատեղերի ստեղծմանը երկու խոշոր քաղաքներում:

Placeholder
Ծրագրավորման և համակարգչային անվճար դասընթացներ՝ գյումրեցի և վանաձորցի երիտասարդների համար