«Տո´ կառավարողներն են վատը». Գյուղացիները՝ «այո» քարոզողին
Քաղաքական
17:33 30/11/2015
Հայաստան

«Տո´ կառավարողներն են վատը». Գյուղացիները՝ «այո» քարոզողին

«Սահմանդրական փոփոխություններն ընդունվելու դեպքում երկրի փաստացի ղեկավարը լինելու է վարչապետը: Բայց նա չի ունենալու այն լիազորությունների կեսը, որն այսօր ունի հանրապետության նախագահը»,- Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներին ներկայացնելով մայր օրենքում առաջարկվող փոփոխությունների էությունը, ասաց «Այո»-ի կողմնակից, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ինչի՞ համար է սա արվում»,-Մելքումյանի խոսքը կիսատ թողեցին բնակիչներն ու առաջարկեցին խոսել տնտեսությունից: Պատգամավորն ասաց, որ քիչ-քիչ այդ հարցին է գալիս ու շարունակեց.«Հիմա լա՞վն է կառավարման համակարգը, թե՞ ոչ: Իմ կարծիքով, այնքան էլ լավը չէ»:

«Տո կառավարողները լավը չեն»,-արձագանքեցին գյուղացիներից մի քանիսը:

Մելքումյանն էլ վրա բերեց. «Մենք պետք է կարողանանք այնպիսի համակարգ ստեղծել, որ կառավարողից քիչ բան լինի կախված: Այսինքն, համակարգը պետք է փոխել, օրինակ Ամերիկայում նախագահը Օբաման է, բայց այդքան չի կարողանում ազդել ներքին գործերի վրա: Մեր մոտ անձնավորված է: Օրինակ, այսօր ՀՀ նախագահի ինստիտուտը ունի գերլիազորություններ, որը կոչվում է քաղաքական մենիշխանություն: Այսինքն, հանրապետությունում բոլոր կարևոր հարցերը մի մարդ է որոշում, բայց դրան հակակշիռներ չկան»:

ԲՀԿ-ական գործիչն ասաց, որ առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում ղեկավար ինստիտուտն այնպես փոխել, որ այսօր գործող նախագահի լիազորությունները բաշխվեն երեք ինստիտուտների միջև՝ ԱԺ-ի, վարչապետի ու նախագահի, որը լինելու է արարողակարգային, կոչումներ է տալու, դեսպաններ է նշանակելու և այլն:

«Այս երեք ինստիտուտները պետք է հակակշռեն: Արդյոք սա ազդելո՞ւ է ձեր թոշակի վրա: Իհարկե, ազդելու է: Եթե կառավարման բուրգը մրցակցային չէ, հաշվետու չէ ոչ մեկին, կամ քիչ է հաշվետու… Նոր Սահմանդրությամբ լավ չաշխատող կառավարության հրաժարականի մեխանիզմ կա: Եթե վարչապետը լավ չի աշխատում, ապա մյուս քաղաքակն ուժերը դնելու են կոնստրուկտիվ անվստահություն»,-ասաց նա:


 

Placeholder
«Տո´ կառավարողներն են վատը». Գյուղացիները՝ «այո» քարոզողին