Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում ACCA լավագույն ուսանողներն արժանացան մրցանակի
Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան (ACCA) այս տարվա միջազգային քննություններից Հայաստանում ամենաբարձր արդյունքներ գրանցած ուսանողներին այսօր շնորհեց «Հայաստանում ACCA լավագույն ուսանող-2015» մրցանակը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան և Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան (ACCA):
Լավագույն ուսանողների մրցանակը հանձնած ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցանակաբաշխությունը նպատակ ունի ճանաչելու ամենաբարձր արդյունքներ գրանցած ուսանողներին:
«Բրիտանական ծագում ունեցող ACCA միջազգային որակավորումը հնարավորություն է տալիս բոլորին զարգացնել իրենց կարիերան: ACCA-ն անցած հայ ուսանողները կարող են աշխատել ցանկացած երկրում, որտեղ որ այդ որակավորումն ընդունված է»,-ասաց դեսպանը:
«Հայաստանում ACCA լավագույն ուսանող-2015» մրցանակը ստացած Միսակ Իսաջանյանն էլ նշեց, որ ACCA-ի որակավորումն իրեն հնարավորություն է տալիս թե, տեղի, թե միջազգային աշխատաշուկայում մրցունակ լինել:
«Ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև որոշեցի ACCA-ում որակավորում անցել, որն ինձ լայն հնարավորություն տվեց հաշվապահի մասնագիտության մեջ ավելի հմտանալու»,-նշեց Միսակը:
Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան (ACCA, Մեծ Բրիտանիա) պրոֆեսիոնալ հաշվապահների համաշխարհային մարմին է:
Այն առաջարկում է գործարար առնչություններ ունեցող առաջնայնություններով որակավորում բոլոր այն մարդկանց ամբողջ աշխարհում, ովքեր իրենց կարիերան կառուցում են հաշվապահության, ֆինանսների և կառավարման ոլորտում: ACCA-ը հիմնադրվել է առավել քան մեկ 100-ամյակ առաջ՝ 1904 թ., Մեծ Բրիտանիայում:Այն վերաճել է միջազգային ճանաչում վայելող եզակի մի որակավորման, որն այսօր աշխարհում ամենաարագ զարգացողն է և հաշվապահության միջազգային մասնագիտական ամենամեծ մարմինն է:
Այն ավելի քան 170,000 անդամ ունի և 436,000 ուսանողներ աշխարհի 180 երկրներում և 8,500 հաստատված աշխատակից ողջ աշխարհում: Նրանց թվում են ներքին և արտաքին աուդիտորներ, գլխավոր ֆինանսական տնօրեններ, ֆինանսական հաշվապահներ, ֆինանսական վերլուծաբաններ, հարկային հաշվապահներ, ֆոնդերի կառավարիչներ, գործարար վերլուծաբաններ, բիզնես խորհրդատուներ, վարկային վերահսկողության ղեկավարներ և այլն:
ACCA-ը ստեղծել է ավելի քան 200 քննական կենտրոններ ամբողջ աշխարհում: Հայաստանում Բրիտանական խորհուրդը ACCA գրավոր քննությունների կենտրոնն է, իսկ «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան ACCA-ի համակարգչահենք քննությունների կենտրոնն է:



