«Ռոբոտների շքերթ»-ի և Ամերիաբանկի անակնկալը՝  ֆիզմաթ դպրոցի աշակերտներին
Կրթություն, գիտություն
12:20 18/12/2015
Հայաստան

«Ռոբոտների շքերթ»-ի և Ամերիաբանկի անակնկալը՝ ֆիզմաթ դպրոցի աշակերտներին

«Բորիս» անունը կրող ռոբոտն այսօր անակնկալ մատուցեց ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներին: Անակնկալը կազմակերպվել էր Երևանում անցկացվող «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի շրջանակներում:

«Ռոբոտների շքերթ» անվանումը կրող նախագիծը Երևանում ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:

Ֆիզմաթ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան շփվելու Մոսկվայից բերված ռոբոտի հետ, նրան մաթեմատիկական հարցեր տալ և պատասխաններ ստանալ:

«Բորիս»-ը ուսուցաղոկան, ժամանցային ռոբոտ է՝ նախատեսված պարզ ծրագրեր կատարելու, շփման, ինչպես նաև փոքր խոչընդոտներ հաղթահարելու համար:

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազուն Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Ամերիա բանկին և կազմակերպիչներին՝ նախաձեռնության համար. «Անակնկալը իր նպատակին ծառայեց, երեխաների համար շատ հետաքրքիր էր: Մենք արդեն երեք տարի է դպրոցում ունենք ռոբոտաշինության խմբակ, արդեն համեմատաբար ավելի փոքր ու համեստ չափերի մեջ երեք ռոբոտ ունենք՝  մի քանի ֆունկցիա կատարող: Սա էլ այն խթանը կարող է հանդիսանալ, որպեսզի այս ուղղությունը դպրոցում զարգացում ապրի»:

11-րդ դասարանցի Մարիան էլ մեզ հետ զրուցում ասաց, որ իրենց դպրոցի աշակերտներից շատերն են հետաքրքրվում ռոբոտաշինությամբ, չի բացառվում, որ ապագայում կարող են տեսնել նման ռոբոտներ՝ իրենց աշակերտների ձեռքերով պատրաստված:

«Շատ հետաքրքիր էր, կարողացանք շփվել, հարցեր տալ ու պատասխաններ լսել: Կարծում եմ՝ այս այցից հետո շատերի մոտ հետաքրքրասիրություն կառաջանա ռոբոտաշինության հանդեպ: Արդեն ինձ էլ է հետաքրքրում ինչպես են նրանք ստեղծվում»,-ասաց Մարիան:

Քրիստինան էլ նշեց, որ իրենց դասարանում շատ երեխաներ կան, որ ցանկանում են ռոբոտաշինության ուղղությամբ շարունակել իրենց հետագա ուսումը, իսկ ռոբոտաշինության խմբակն օգնում է՝ հետագայում լավ մասնագետ դառնալու համար:

Ռոբոտաշինության խմբակ հաճախած 11-րդ դասարանցի Արման Հարությունյանն էլ ասաց, որ արդեն հասցրել է այցելել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդես և ծանոթանալ ներկայացված բոլոր ռոբոտներին:

Նշենք, որ «Ռոբոտների շքերթ» անվանումը կրող նախագիծի շրջանակներում նախատեսվում է տարբեր անակնկալներ, սա առաջինն էր:

Placeholder
«Ռոբոտների շքերթ»-ի և Ամերիաբանկի անակնկալը՝ ֆիզմաթ դպրոցի աշակերտներին