Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք որևէ բանից չենք վախենում». Արցախցի երեխաներն իրենց ապահով են զգում
«Ես ոչ մի բանից չեմ վախենում, քանի որ գիտեմ՝ մեր զինվորները, հայրիկները, պապիկները հսկում են մեր սահմանները: Մենք հանգիստ խաղում ենք մեր բակում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախից 9-ամյա Դավիթը:
Այսօր նա հյուրընկալվել էր ՀՀ նախագահի նստավայր՝ մասնակցելու ամանորյա տոնական միջոցառմանը:
Դավիթը պատմեց, որ իր հայրը զինծառայող է, փոխգնդապետ: Բայց իրեն ավելի դուրս է գալիս իր հայրիկի ընկերոջ աշխատանքը, ով իրավաբան է, աշխատում է ռազմական ոստիկանությունում:
Աշոտը, ով նույնպես Արցախից է, ցանկանում է լինել այնպիսի զինվոր, ինչպիսին իր հայրն է. «Ուզում եմ զինվորական դառնալ ու հայրենիքս պաշտպանել: Ուզում եմ նաև աշխարհի չեմպիոն լինել»:
Գևորգ Հարությունյանը Հադրութից է, սովորում է 7-րդ դասարանում. «Հայրս ամսվա մեջ 14 օր բարձրանում է դիրքերը, մնացած օրերին տանն է լինում: Երբ դիրքերում է լինում, գրեթե ամեն օր խոսում ենք իր հետ: Սահմանի մասին որևէ բան չի պատմում, ասում է՝ ամեն ինչ լավ է: Ես էլ պատրաստ եմ ծառայել Զինված ուժերում: Ես ուզում եմ, որ եկող տարվա ընթացքում ոչ մի անապահով ընտանիք չլինի, սահմաններում լինի խաղաղություն, շփման գծում կրակոցներ չլինեն»:
13-ամյա Էլեն Հովհաննիսյանն էլ հպարտ է, որ հայրը զինծառայող է, բայց կցանկանար, որպեսզի այլ աշխատանք ունենար:
«Նա հսկում է, որ մեր քունը հանգիստ լինի, պաշտանում է բոլորիս, ուրախ եմ դրա համար, բայց գոհ չեմ, քանի որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է կրակել մեր ուղղությամբ: Հայրս 14 օր դիրքերում է լինում: Արդեն սովորել ենք: Անընդհատ ուզում ենք խոսել իր հետ, բայց կամ անհասանելի է լինում կամ չի վերցնում»,- ասաց Էլենը:
Նա ցանկանում է, որ 2016-ին բոլորն ապրեն խաղաղ երկնքի տակ, մանուկներն ունենան երջանիկ և անհոգ մանկություն, զինվորներին էլ մաղթեց լավ ծառայություն:
«Միշտ ցանկանում եմ, որ մեր Արցախ աշխարհը լինի անկախ, ապրի ազատ»,- նշեց Էլենը:
Նշենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում նախօրեին մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները: Այսօր նախագահի նստավայրում հյուրընկալվել էին ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Երկրապահ կամավորական միության անդամների, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ: Տոնական միջոցառումներին ամեն տարի մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխա մայրաքաղաքից, մարզերից, Արցախից: Դեկտեմբերի 24-ին նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ սահմանամերձ մարզերի (Գեղարքունիք, Վայոց ձոր, Արարատ, Տավուշ) մի շարք համայնքների, ինչպես նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաներ: