7 միլիոն քուրդն ու Ազգային պատկերասրահի շենքը
Մշակույթ
18:25 21/01/2016
Հայաստան

7 միլիոն քուրդն ու Ազգային պատկերասրահի շենքը

Արամի 30 շենքի քանդելը հերթական վերջին կաթիլն է երևանցիների համար։  Աֆրիկյաններ, Փակ շուկա, ... թվելով չի լինի, շատ են։ Ամեն հաջորդի հետ քաղաքը կորցնում է իր արմատները, նմանվում խորը էտած ծառի, կամ արդեն ավելին՝ ջրով ծաղկամանի մեջ դրած կտրած ծառի։ Ամեն շենքի քանդման կամ ավիրման  անտրամաբանությունը հասկանալի է միայն նրանց, ովքեր սիրում են Երևանը։ Մյուսները ամեն պատասխան գտնում են իրենց վարուչցանածի մեջ։

Արամի 30-ի քանդումից հետո բոլորս համարյա միաժամանակ հիշեցինք, թե ինչպես քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, իր մասին մի հաղորդման մեջ, քանոնը դրեց Ազգային պատկերասրահի շենքին՝ «բացատրելու», որ այն «խանգարում է» «համաչափությանը»։

«Ի՞նչ կապ ունի Արամի 30 շենքի քանդումը Ազգային պատկերասրահի շենքի հետ: Արդեն քսան տարուց ավել Ազգային պատկերասրահի ղեկավարությունը բարձրաձայնում է, որ պատկերասրահին նոր շենք է հարկավոր»,- պատասխանեց Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Panorama.am-ի հարցին, թե՝ ձեր հայտարարությունը, որ՝ «Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին», չի՞ տանում արդյոք դեպի այս շենքի քանդմանն էլ։ 

Ըստ տնօրենի՝  Ազգային պատկերասրահի շենքը քանդելու մասին խոսակցությունները լուրջ չեն։  Իսկ պատասխանելով հարցին, թե՝ Ազգային պատկերասրահը տեղափոխելուց հետո եթե որոշում կայացվի, որ շենքը քանդվելու է, ինչպիսի դիրքորոշում կունենաք, Ա. Ծատուրյանը պատասխանեց. «Եթե Արևմտյան Հայաստանը 7 միլիոն քրդերով մեզ տան, ի՞նչ կլինի մեզ հետ»:

Իրոք՝ ինչ։

Նա նշեց, որ նույն շենքում գործում է նաև Հայաստանի պատմության թանգարանը, որը նույնպես տարածքների խնդիր ունի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը. Ազգային պատկերասրահը տեղափոխելու դեպքում, ամենայն հավանակությամբ, շենքը ամբողջությամբ կտրամադրվի հենց այդ թանգարաններին:

«Հարուստ մշակութային ժառանգություն ունենք, թանգարաններն էլ քիչ տարածքներ ունեն: Այնքան բան կա այդ շենքում տեղավորելու»,- ասաց Ազգային պատկերասրահի տնօրենը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ քանդեցին Արամի 30 հասցեում գտնվող շենքը: Երևանի քաղաքապետարանից ասում են, որ քանդել են մայթը լայնացնելու համար: Սա հասարակության, ճարտարապետների շրջանում  դժգոհության բարձրացրեց, քանի որ այդ շենքը նրանք համարում են մշակութային հուշարձան: «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն էլ ահազանգեց, որ Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ:

Placeholder
7 միլիոն քուրդն ու Ազգային պատկերասրահի շենքը