Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը՝ Ստոկհոլմում
Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում տեղի է ունեցել հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման ժամանակ Զորի Բալայանը խոսել է գրքի, այն գրելու դրդապատճառների մասին։ Նա անդրադարձել է նաև «Կիլիկիա» առագաստանավով ճամփորդության ժամանակ Ստոկհոլմ կատարած իր նախորդ այցելությանը, որի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի կյանք փրկած շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի հիշատակին։ Զորի Բալայանը խոսել է արցախյան հակամարտության, դրա սկզբնապատճառների մասին:
Իր այցելության ընթացքում Զորի Բալայանը հանդիպումներ է ունեցել նաև շվեդահայ համայնքի հետ: Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում հանդիպմանը ցուցադրվել է ՀՀ պետական մրցանակի արժանացած «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմը:
Միջոցառմանը ներկա են եղել Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։