Սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնում
Մշակույթ
10:16 29/01/2016
Աշխարհ

Սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի ֆիլմը ցուցադրվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնում

Բեռլինի միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է սիրիահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների» վավերագրական ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:

Ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքը, որը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է  շրջանի ավերածությունները, բնակչությանը, ով դիմագրավում էր դժվարությունները և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:

Բեռլինի 66-րդ միջազգային  կինոփառատոնը կայանալու է փետրվարի 11-21-ը: proficinema.ru  կայքից տեղեկանում ենք, որ Ավո Գաբրիելյանի ֆիլմն («Manazil bela abwab» / «Houses without Doors») ընդգրկված է «Ֆորում» ծրագրում:

Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:
 

Placeholder