«Դասադուլի մասին խոսք լինել չի կարող»
Կրթություն, գիտություն
17:11 01/02/2016
Հայաստան

«Դասադուլի մասին խոսք լինել չի կարող»

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում լիարժեք դասապրոցես է, նորմալ ընթանում են դասերը, նույնիսկ ավելի լավ, քան սպասվում էր դասապրոցեսի վերսկսման առաջին օրը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց քոլեջի դասախոսներից մեկը:

«Ուսումնարանի կյանքը բնականոն հունով ընթանում է»,- հավելեց նա:

Նշենք, որ քոլեջի ուսանողությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն այսօրվանից հայտարարում են դասադուլ` մինչև իրենց պահանջի բավարարումը:  Իսկ ուսանողների պահանջը հետևյալն էր՝ աշխատանքից ազատված տնօրեն  Լևոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում:

Դասախոսն ասաց, որ  իրենց համար նույնպես անակնկալ է եղել, որ տնօերնն ազատվել է աշխատանքից:

Ուսանողները  բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին և  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մինչ այդ  հունվարի 18-ին դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրանք-պահանջով, որպեսզի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն  Լևոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում. «Նախարարություն ներկայացրած մեր դիմումի (այն ստորագրել է քոլեջի ուսանողության գերակշիռ մասը) պատասխանը դեռևս չենք ստացել և որոշել ենք  դիմել դասադուլի` ինչպես նշել ենք նախարարին հղված մեր դիմումում, որում  և  հիմնավորել ենք, թե ինչով է պայմանավորված մեր այս ցանկությունը, և թե ինչու է այն բխում  միմիայն  և բացառապես քոլեջի ուսանողության, այսինքն` մեր իսկ շահերից»:

ԿԳՆ աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնգիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ տնօրենն ազատվել է աշխատանքից նախարարի հրամանով, իսկ հրամանի համար հիմք է ծառայել օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

«Նախարարության ներքին աուդիտի ուսումնասիրությունների ընթացքում քոլեջում հայտնաբերվել է տարբեր բնույթի խախտումներ, բացթողումներ և թերություններ»,- ասաց նա:

Ա.Արշակյանը տեղեկացրեց, որ նախարարությունը պատասխանել է ուսանողների դիմումին, պատասխանը շուտով կստանան, նաև հանդիպել են նրանց հետ, զրուցել, բացատրել իրավիճակը:

«Որևէ խնդիր չկա: Դասադուլի մասին խոսք լինել չի կարող, դասապրոցեսը քոլեջում նորմալ ընթանում է»,- ասաց ԿԳՆ պաշտոնյան:

Քոլեջում սահմանված ժամկետում պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Անահիտ Մազմանյանը: Կհայտարարվի քոլեջի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ:

Placeholder
«Դասադուլի մասին խոսք լինել չի կարող»