Պետք է մտածենք հեռահար կրթության մասին օրենքի պահանջն ի կատար ածելու մասին. Բախշյան
Կրթություն, գիտություն
12:09 02/02/2016
Հայաստան

Պետք է մտածենք հեռահար կրթության մասին օրենքի պահանջն ի կատար ածելու մասին. Բախշյան

Հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի հետաձգման որոշումը ճիշտ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց ԱԺ պատգամավոր, դպրոց-կենտրոնների միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը՝ նկատելով, որ դրա շնորհիվ հնարավոր եղավ շրջանցել այն, որ կլինեին դասեր, բայց աշակերտների մասնակցություն չէր լինի, ինչպես նաև համաճարակ ունենալու վտանգը կմեծանար:

«Ճիշտ աշխատանքի շնորհիվ կարելի է շատ հեշտ լրացնել բաց թողնված դասերը: Ուսուցիչները պետք է կարողանան համապատասխան չափորոշիչների պահանջն իրականացնել, այնպես չէ, որ ավելացրած դասաժամը պարապեն և վերջ, գործն արված է»,-ասաց Մուրադյանը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ առաջին անգամ չէ այսպիսի երկարաձգումը, դպրոցները փորձ  ունեն ինչպես դասերը լրացնել. «Մենք կրթության մասին օրենքով ձև ունենք հեռահար կրթության, որը կարելի է իրականացնել տանը համակարգչի օգնությամբ: Պետք է մտածենք, ինչպես օգտագործել այդ ձևը, որ երեք շաբաթ երեխան չկտրվի կրթությունից, պետք է օրենքի այդ պահանջն ի կատար ածել, 15 տարի օրենքը կա, բայց չի գործում, եթե այն գործեր, կտեսնեինք թե ինչպես ավելի լավ կստացվեր»:

Նա ասաց նաև, որ իհարկե, դա հեշտ չի, քանի որ շատ ուսուցիչներ համակարգիչը չեն օգտագործում որպես դասավանդման գործիք. «Այս խնդիրը պետք է շատ լուրջ դրվի և լուծման համար ԱԺ և Կրթության ազգային ինստիտուտի համագործակցություն է պետք»:

Լրագրողների դիտարկմանը, որ ոչ բոլոր աշակերտները տանը համակարգիչ ունեն՝ հեռահար կրթություն իրականացնելու համար, բանախոսները նշեցին, որ սա ասում են ապագային նայելով, եթե ամբողջությամբ գործի «Մեկ աշակերտ, մեկ համակարգիչ ծրագիրը», ծնողները կգտնեն ուղիներ, միջոցներ տանն էլ երեխային համակարգչով ապահովելու համար:

Ինչ վերաբերվում է դպրոցներում անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովման հետ կապված բողոքներ ստանալուն, Բախշյանն ասաց. «Ես սովորաբար բողոք ստացող եմ, բայց ոչ մի բողոք չեմ ստացել»:

Անդրադառնալով բացակաների հարցին, Անահիտ Բախշյանն ասաց, որ բացակա նշանակելուց առաջ ուսուցիչները պետք է  տեսնեն, հետաքրքրվեն՝ աշակերտները ինչու են բացակայում:

Ռուզաննա Մուրադյանն էլ հավալեց. «Այսինքն պետք է օրենքը խախտվի՞»,-որին ի պատասխան Բախշյանն ասաց, որ պետք է բացակաների մասին օրենքի վերանայում ու փոփոխություն լինի:

Վերջում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղարը ծնողներին խորհորդ տվեց, երեխաների մեջ պատասխանատվության զգացումը բարձրացնել. «Երեխաները պետք է հասկանան, որ իրենք պետք է սովորեն, դա իրենց աշխատանքն է, վերջ»:

Placeholder
Պետք է մտածենք հեռահար կրթության մասին օրենքի պահանջն ի կատար ածելու մասին. Բախշյան