Համակարգչային դասընթացները մեծահասակները  նույնպես լավ են յուրացնում
ՏՀՏ-ն Հայաստանում
19:15 04/02/2016
Հայաստան

Համակարգչային դասընթացները մեծահասակները նույնպես լավ են յուրացնում

Ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագրի արդյունքում Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն այսօր հավաստագրեր շնորհեց 15 մեծահասակ մասնակիցների:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նախաձեռնել էր մեծահասակների համակարգչային տարրական գիտելիքների ձեռբերման դասընթաց՝ հաշվի առնելով համակարգիչներից օգտվելու ժամանակակից պահանջները և այդ գիտելիքների անհրաժեշտությունը:

«Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար»,- նշում է կենտրոնի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:  Այս 20 ժամյա դասընթացին մասնակցելու արդյունքում  մեծահասակներն արդեն  ինքնուրույն օգտվում են համակարգչից,  հաղորդակցվում են  էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, կարողանում են գտնել իրենց հետաքրքրող տեղեկատվությունը (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն),  կապ են հաստատում ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով: 

«Սա մեզ համար մեծ խթան էր, մենք հաճույքով էինք մասնակցում դասընթացին, արդեն կարողանում եմ օգտվել տարբեր կայքերից և խոհարարական բազմաթիվ բաղադրատոմսեր եմ ընթերցում: Իսկ ամենակարևորը  Skype-ի միջոցով կարողանում եմ խոսել Մոսկվայում բնակվող աղջկաս հետ»,- ասում է դասընթացի ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ Արաքսյա Պետրոսյանը: 

Դասընթացի մասնակիցների խոսքերով, անչափ ոգևորված էին նաև ընտանիքների անդամները: Օրինակ Կարինե Վերդյանը նշում է, որ թոռնիկները հպարտությամբ բոլորին ասում էին, որ իրենց տատիկը գնում է համակարգչային դասընթացի:

Դասընթացը նախատեսված էր այն մեծահասակների համար, ովքեր չունեին համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեին մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ:

Հաշվի առնելով դասընթացի կարևորությունը մեծահասակ մասնակիցների համար՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը գարնանը  նախատեսում է իրականացնել ևս  մեկ համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագիր մեծահասակների համար:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնը գործում է 2011թ նոյեմբերից: Այն տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական դասընթացներ, իրականացնում է գիտահե-տազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով:
 

Placeholder
Համակարգչային դասընթացները մեծահասակները նույնպես լավ են յուրացնում