Հավանություն է տրվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին
Կրթություն, գիտություն
18:24 18/02/2016
Հայաստան

Հավանություն է տրվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին

Կառավարությունը հավանություն է տվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին: Որոշման նպատակն է ՀՀ-ում ձևավորել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության որակյալ համակարգ, որը նրանց համար կապահովի հավասար հնարավորություններ` իրենց նախասիրություններին, ընդունակություններին ու կարիքին համապատասխան որակյալ կրթություն ստանալու համար, կնպաստի կրթության մեջ նրանց ներգրավմանն ու համընդհանուր ներառմանը հասարակության մեջ:

Այդ նպատակով մի շարք հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Ինչպես նաև մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ՀՀ-ում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն:

Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:

Placeholder
Հավանություն է տրվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին