Միջազգային կառույցների ուշադրությունը ՀՀ-ում սիրիացի փախստականներին բավարար չէ. Հովակիմյան
Քաղաքական
12:47 24/02/2016

Միջազգային կառույցների ուշադրությունը ՀՀ-ում սիրիացի փախստականներին բավարար չէ. Հովակիմյան

«Սիրիայի հակամարտության ամենասկզբից Հայաստանը պատրաստակամորեն ընդունել է Սիրիայից փախստականների: Այսօր կանգնած ենք այդ մարդկանց համար հասարակության մեջ լիարժեքորեն ինտեգրվելու հնարավորություն ստեղծելու խնդրի առաջ»,- «Մարդասիրական արձագանքից դեպի  կայուն որոշումներ» աշխատաժողովին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ միջազգային հանրությունը ոչ բավարար ուշադրություն է դարձնում Հայաստանում փախստականների և տեղահանվածների հիմնախնդիրներին, մինչդեռ Հայաստանը Եվրոպայում ամենաշատ փախստականներ ընդունած երրորդ երկիրն է:

«Փախստականների հիմնահարցերը միջազգային բնույթի հարցեր են: Դրանց հետևանքները դուրս են գտնվում ազգային սահմաններից: Միջազգային հանրությունը պետք է ադեկվատ արձագանքի ցանկացած նման իրավիճակի, հավասար մասնակցի խնդիրների լուծմանը, քանի որ բոլոր փախստականներն ունեն աջակցության կարիք: Միջազգային կառույցների կողմից Հայաստանում Սիրիայից փախստականների խնդիրներին ոչ բավարար օժանդակության, ուշադրության հարցը բազմիցս բարձրացրել ենք տարբեր բարձրաստիճան հանդիպումների ժամանակ»,- ասաց փոխնախարարը:

Placeholder
Միջազգային կառույցների ուշադրությունը ՀՀ-ում սիրիացի փախստականներին բավարար չէ. Հովակիմյան