Կոնստանտին Սիմոնով. Չի բացառվում, որ գազի գինը վերանայվի հօգուտ նվազման
Տնտեսություն
13:33 25/02/2016
Աշխարհ

Կոնստանտին Սիմոնով. Չի բացառվում, որ գազի գինը վերանայվի հօգուտ նվազման

Ռուսաստանը դեմ չէ, որպեսզի իրանական գազի տարանցումն իրականացվի Հայաստանի տարածքով: Այսօր Երևանում կազմակերպված «Անդրկովկասի եվրասիական ուղին. Ինտեգրացիա հանուն զարգացման» թեմայով կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ռուսաստանյան էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:

Իրանական գազի տարանցման վերաբերյալ վրաց-իրանական բանակցությունների պաշտոնական Մոսկվայի հնարավոր վերաբերմունքի վերաբերյալ փորձագետը նշեց, որ բանակցություններում առկա ծավալը բավական փոքր է, որպեսզի որևէ մտահոգություն առաջացնի այդ շուկայում բավական ամուր դիրքեր ունեցող ՌԴ-ի համար:

Սիմոնովը նաև անդրադարձավ այդ ոլորտում Իրանի հետ համագործակցությանը՝ նշելով, որ այս բնագավառում ևս առկա իրավիճակում լուրջ հնարավորություններ են բացվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գազի մատակարարման ծավալներին, ապա, ըստ նրա, Բաքուն ևս այդ հարցում լուրջ մրցակից չի կարող լինել Ռուսաստանի համար:

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ տարաբնույթ քննարկումների առնչությամբ էլ փորձագետը նշեց, որ էներգետիկ բնագավառում Ռուսաստանը և Հայաստանը ունեն բացառիկ հարաբերություններ, որոնց հետ կարելի է համեմատել միայն այդ բնագավառում ռուս-բելառուսական հարաբերությունները: Մասնավորապես՝ ըստ Սիմոնովի, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը իր ենթակայության տակ է ստացել Հայաստանի գազաբաշխիչ համակարգը, իսկ դրա փոխարեն Երևանը ստացել է գազի բավական ցածր գին:

Անդրադառնալով հաճախ հնչող այն տեսակետներին, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը առկա պայմաններից ելնելով, այդուամենայնիվ, բարձր է, փորձագետը նշեց, որ ամենևին չի կիսում այդ տեսակետը և ներկա գինը ելնելով համաշխարհային գնային իրավիճակից բավական ցածր է:

Դրա հետ մեկտեղ Սիմոնովը չբացառեց, որ գազի գինը կվերանայվի հօգուտ նվազման և կնվազի 15-20%-ով: 

Փորձագետը նաև Վստահություն հայտնեց, որ Հայաստանը կարող է շահել ներկայումս Ռուսաստանում ընթացող տնտեսական գործընթացներից, մասնավորապես զբոսաշրջության բնագավառում:

Վերջինիս խոսքով, այս ոլորտում հաջողության գաղտնիքը շուկայի առկայությունն է. «Չունենալով բավարար շուկա դու չես կարող ակնկալել զարգացում: Հենց ընդհանուր շուկայի ստեղծմանն է ուղղված Եվրասիական տնտեսական միությունը»:

Անդրադառնալով գազի մատակարարման համակարգերի՝ «Գազպրոմին» հանձնելու պատճառով ինքնիշխանության կորստի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին, փորձագետը նշեց, որ այդ տեսակետը առավելապես արծարծվում էր Ուկրաինայի կողմից, սակայն Հայաստանի և Բելառուսի օրինակը պարզորոշ վկայում է այն մասին, որ այս գործընթացից ելնելով թե՛ Մոսկվան և թե՛ Մինսկը որևէ կերպ չեն վտանգել իրենց ինքնիշխանությունը:

Placeholder
Կոնստանտին Սիմոնով. Չի բացառվում, որ գազի գինը վերանայվի հօգուտ նվազման