Տարեց տարի պահեցողների, որակական առումով, աճ է նկատվում. քահանա
Հասարակություն
14:06 07/03/2016
Հայաստան

Տարեց տարի պահեցողների, որակական առումով, աճ է նկատվում. քահանա

«Հասարակության շրջանում Մեծ պահքը երբեմն սխալ է ընկալվում և դիտվում է որպես դիետա, նիհարելու միջոց: Պահքը դեպի առ Աստված ուխտագնացություն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի Նոր-Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ պահքը հոգևոր մշակույթ է, որն ամրացնում է մարդու կամքը, չափավորությունը. ««Պահք»  բառն առաջացել է «պահել» բառից: Ինչի՞ց մեզ հեռու պահել՝ վատ արարքներից, սովորություններից, երևույթներից, որոնք կամա թե ակամա առկա են մեր իրականության մեջ: Պահքի 48 օրը հաշվետվության շրջան է  մեր խղճի, դիմացինի, Տիրոջ առջև: Պահքը  նաև ապաշխարհության շրջան է»:

Միաժամանակ քահանան հավելեց, որ ամբողջ տարին պետք է զերծ մնալ վատ սովորություններից:
Տեր Կարապետի խոսքով, իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում հոգևոր մշակույթը կամաց-կամաց ձևավորվում է, տարեց տարի պահեցողների, որակական առումով,  աճ է նկատվում:

Քահանան հիշեց նաև Պողոս առաքյալի խոսքը. «Մի դատեք իրար. ով պահք է պահում, մի հարցու, թե ինչու ես պահում, ով չի պահում, մի դատի, մի հարցու՝ ինչու չես պահում: Պահքը ներքին մղում է, ցանկություն, հոգևոր վիճակ»:

Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել է փետրվարի 8-ից: Այն  տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն, որն այս տարի նշվելու է մարտի 27-ին:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: 

Placeholder
Տարեց տարի պահեցողների, որակական առումով, աճ է նկատվում. քահանա