Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթի նախարարությունն իրեն մեղավոր չի զգում ու լիովին բավարարված է
Panorama.am-ը նամակով դիմել էր մշակույթի նախարարություն: Ներկայացում ենք հարցուպատասխանը, քանի որ պատասխանները որևէ կերպ բացատրել հնարավոր չեղավ:
-Վերջերս Երևանի քաղաքապետը առաջին անգամ հուշարձանի քանդման հետ կապված դժգոհություն հայտնեց։ Խոսքը Իսահակյանի գրադարանի մասին էր։ Տարոն Մարգարյանը դեպքի հետ կապված մեղադրեց պատասխանատուներին։ «Այս պահին տվյալ աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, մինչև հարցը լրացուցիչ ևս մեկ անգամ քննարկվի մշակույթի նախարարության հետ»։ Մշակույթի նախարարությունը որևէ կերպ այս անգամ ևս չբարձրաձայնեց իր մտահոգությունը, եթե այդպիսին եղել է. ինչու՞։
-Պետական ցուցակում ընդգրկված Ամիրյան փողոցի 2, 2/8 հասցեում գտնվող Արական գիմնազիայի հուշարձան-մասնաշենքերը պահպանվում են և կազմում են կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի մաս: Տվյալ նախագծի քննարկման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունը բացառապես առաջնորդվել է տարածքում գտնվող հուշարձանների պահպանության շահերից:
Ինչ վերաբերում է Ամիրյան փողոցի վրա գտնվող հուշարձանի ձախ հատվածին կից` 1980 թ. կառուցված շինությանը, ապա այն չի հանդիսանում պատմամշակութային հուշարձան-շենք:
-Արդյո՞ք, որպես պատասխանատուի, քաղաքապետը ձեզ ևս չէր մեղադրում։
-Երևանի քաղաքապետը խնդրի կապակցությամբ իր հայտարարությունում ՀՀ մշակույթի նախարարության հասցեին մեղադրանք չի հնչեցրել: Տե’ս, 26.02.2016 թվականի, Երևանի քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունն աշխատանքային խորհրդակցության վերաբերյալ:
-Հուշարձանների քանդման հետ կապված արդեն ոչ ոք չի հիշում ու մեղադրում մշակույթի նախարարությանը. դուք համաձա՞յն եք ձեր նկատմամբ ունեցած նման կերպ ձևավորված դիրքորոշմանը։
-Մեկ անգամ ևս նշում ենք, որ հարցը չի առնչվում պատմամշակութային հուշարձաններին:
Այս դեպքում տարօրինակ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետի, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենի, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատակիցների հետ խորհրդակցության ժամանակ Երևանի պատմամշակութային շենքերի ժառանգության և դրանց պահպանման խնդրին անդրադառնալով արտահայտած հետևյալ խոսքը. «Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը»: