Գյուղացիները սպասում են արևի բացվելուն՝ վնասները հասկանալու համար
Տնտեսություն
11:50 18/03/2016
Հայաստան

Գյուղացիները սպասում են արևի բացվելուն՝ վնասները հասկանալու համար

Մրգաշատում այս տարի միրգը քիչ կլինի:

«Մեր հաշվարկներով ցուրտը պետք է որ լրիվ տարած լինի, կարող է ընդհանրապես չլինի»,-Panorama.am-ին ասաց Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի համայնքապետ  Գևորգ Դանիելյանը:

Վաղ առավոտից գյուղապետերն ու գյուղացիներն այգիներում են: Գիշերվա ցրտից հետո փորձում են հասկանալ վնասի չափը:

«Սաղ գիշեր մուխ ենք դրել: Հեսա որ արևը տվեց, կերևա վնասները էլի»,-ասաց նա:

Մրգաշատում խաղողի ու պտղատու այգիները 140 հա են:

Արմավիրի Մերձավան համայնքում ջերմաստիճանն անցած գիշեր հասել է -7-ի: Համայնքապետ Լևոն Գրիգորյանն ասաց, որ համայնքում մեծ այգիներ չկան, յուրաքանչյուր ընտանիք մի քանի ծառ ունի տնամերձ հողատարածքում:

«Գիշերը հասավ մինչև -6,7 աստիճանի: Կրակ, բան արել ենք, բայց չեմ կարծում, օգուտ կլինի»,-ասաց նա:

Մարտի 17-ի գիշերվա ցրտից հետո Մերձավանի ոչ բոլոր ծաղկած ծառերն էին վնասվել. «Երեկ մեր հողամասում նայել էի, չէր վնասվել: Էսօր, ճիշտն ասած, դեռ չեմ նայել, բայց եթե մինչև -7 հասել է, ինձ թվում է՝ կվնասվեն»:

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում  անհամբեր սպասում են արևի դուրս գալուն: Դրանից հետո պարզ կլինի պատճառած վնասը:

«Ամբողջ գյուղը պտղատու այգիներ են՝ 150 հեկատար: Ծիրան էլ ունենք, բալ էլ, սալոր էլ: Ամբողջ գիշեր ամեն մեկն իր ուժերով ինչ կարողացել արել է»,-ասաց Քաղցրաշենի գյուղապետը:

Այգեզարդի գյուղապետի տեղակալ Պետրոսյանն էլ նշեց, որ ով չի ալարել, վեր է կացել ու գիշերը այգին ոռոգել, ծուխ դրել: Ալարկոտ գյուղացիները քիչ են եղել, ծիրանի այգին խնամելու համար, ըստ Պետրոսյանի, նույնիսկ արտագնա աշխատանքի մեկնածներ են վերադարձել:

Նշենք, որ այս գիշեր  Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում գիշերը օդում գրանցվել է -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում`   ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս տարի ավելի լավ են նախապատրաստվել  ցրտահարության դեմ պայքարին, բացի այդ նաև ավելի ակտիվ համագործակցություն է եղել նախարարության մասնագիտական կառույցների հետ: Համայնքում ծիրանենու այգիները կազմում են մոտ 350 հեկտար, 2015 թվականին  համայնքում ստացել են մոտ 800 տոննա ծիրանի բերք, որի զգալի մասն արտահանվել է:

Այգեպատ համայնքում այգեգործ Ռաշիդ Խաչատրյանն այս տարի արտերկրում կիրառվող մի մեթոդ է  փորձարկել, որի մասին տեղեկացել է հեռուստաեթերից նախարարության մասնագետներից: Ըստ այդմ` ծաղկած ծիրանենիներն անձրևացման միջոցով ցողապատում են և երբ ջերմաստիճանը 0-ից նվազում է, ծաղիկները պատվում են սառցե կեղևով, բյուրեղացման ընթացքում ջերմություն է անջատվում, դրանք մեկուսանում են շրջապատից, ինչն էլ  օգնում է պաշտպանվել ցրտահարությունից:

Placeholder
Գյուղացիները սպասում են արևի բացվելուն՝ վնասները հասկանալու համար