Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
Մշակույթ
10:33 22/03/2016
Հայաստան

Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան

«Շատ ցավալի է, որ երևանյան հին շենքերը քանդվում են: Նշեմ, որ միջազգային պրակտիկայում նման օրինակներ կան, երբ շենքը զրոյից վերականգնում են: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանում, Բեռլինում, Չինաստանում, Ճապոնիայում շատ շենքեր, որոնք պատմական անցյալի կարևորագույն մասն էին կազմում, նույն տեղում կամ մի քիչ տեղաշարժված վերակառուցվեցին, բայց այն նույն տեխնոլոգիայով, սկզբունքներով, ինժեներական մտքի, մեթոդների կիրառմամբ, որոնցով հենց ի սկզբանե կառուցվել էին: Եթե հենց այդ սկզբունքով մեր մոտ վերակառուցվեն շենքերը, կարող է  «Հին Երևան»  նախագիծը վերստեղծի հին երևանյան միջավայրը, սակայն այն, ինչ այսօր արվում է, բարբարոսություն է. քանդվում են հին շենքերը, տեղերում բիզնես կենտրոններ կառուցում՝ թողնելով միայն հին շենքի ճակատային մասը, կամ ապամոնտաժում են նաև ճակատը, այնուհետև կառուցում երկաթբետոնե պատնեշ, որի վրա սոսնձում են հին քարերը:

Նախագիծը երբեք փրկություն չէ, խրախուսվող սկզբունք չէ: Նախագիծն ընդամենն արտացոլում է իրավիճակը: Իսկ իրավիճակն այն է, որ Երևանի կենտրոնի վերաբերյալ օրենք, հետևողական քաղաքականություն չկար: Դա է պատճառը, որ այսօր բազմաթիվ շենքեր հերթով քանդում են, որևէ մեկը պատասխանատվություն չի վերցնում իր վրա: Իսկ երբ հանրությունը դժգոհություն է հայտնում, քանի որ կորցնում է Երևանի պատմական միջավայրը, պատասխան է ստանում, որ կարող է նախագծի մեջ մի քսան տարուց վերականգնվի: Լավ, էլի վերականգնվի, բայց ի՞նչ մեթոդներով»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոսեց հանրային պահանջից՝ նշելով, որ մշակել են «Երևանի կենտրոնի մասին» օրենք, որը  ծնվել է հանրային պահանջի հիման վրա և կպատասխանի բոլոր հուզող հարցերին:

Այս շարքում Երևանի հին, մշակութային շենքերի քանդման ու դրանք, երբևէ, «Հին Երևանում» սարքելու դեմ արդեն որերորդ մտավորականն է խոսում։ Մտավորականներ՝ ովքեր արտահայտում են ոչ միայն իրենց, հանրության կարծիքը, այլև ուղղորդում ու նախանշում են այն։

Իրականում՝ մշակութային զարգացումը և քաղաքաշինությունը բացարձակապես չեն հատվում։

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի:
Նշվում է, որ այս տարի արդեն  կսկսվեն լայնածավալ աշխատանքներ: Այս տարվա փետրվարի 25-ին գործադիրն ընդունել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում, որի համաձայն դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Placeholder
Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան