Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է վիրավոր քաղաքացիների մասին
Քաղաքական
17:04 02/04/2016

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է վիրավոր քաղաքացիների մասին

ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել 55-ամյա  Ծովինար Աղաջանյանը աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, 43-ամյա Գարեգին Աղաջանյանը՝ որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, 31-ամյա Զավեն Ավանեսյանը՝ իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և 19-ամյա Հայկ Թորոսյանը՝  գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԼՂՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ աղբյուրի,  Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ` լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ` լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ`գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդացման բաժանմունքում:

Ավելի վաղ Panorama.am-ը վկայակոչելով ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: 
 

Placeholder