Ի՞նչ արտոնություն է սահմանում օրենսդրությունը զոհված զինծառայողների՝ բուհ-ում սովորող երեխաների համար
Կրթություն, գիտություն
15:46 14/04/2016

Ի՞նչ արտոնություն է սահմանում օրենսդրությունը զոհված զինծառայողների՝ բուհ-ում սովորող երեխաների համար

«Զինծառայողների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ու կառավարության 597 Մ որոշման 105-րդ կետով կարգավորվում է  զոհված զինծառայողների, ոստիկանների երեխաների  պետական բուհեր ընդունելության ու վարձը վճարելու արտոնության հետ կապված հարցերը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԿԳՆ մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնից:

Նախարարությունից հայտնեցին, որ զոհված զինծառայողների երեխաները, եթե ընդունելության քննությունների արդյունքում դրական միավորներ են ստանում, ապա ընդունվում են բուհ, վճարն ամբողջությամբ փոխանցում է պետությունը:

Իսկ եթե երեխայի սովորելու ընթացքում է ծնողը զոհվել, ապա այդ պահից սկսած պետությունն է փոխհատուցում ուսման վարձը:

«Սա վերաբերում է միայն պետական բուհերին և այն դեպքերին, երբ  զինծառայողը զոհվել մարտական գործողությունների, իսկ ոստիկանը՝  ծառայողական  պարտականությունների կատարման ժամանակ: Այս իրավական ակտերն արդեն մի քանի տարի է՝ գործում են»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց բաժնի աշխատակիցը:

ԿԳՆ աշխատակիցը մանրամասնեց, որ զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած ուսանողների վարձն ամբողջությամբ վճարում է պետությունը:
Զոհված զինծառայողների մյուս հարազատների համար նման արտոնություններ օրենսդրությունը չի նախատեսում:

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցությունը տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր՝ կուսակցության նախագահ  Արթուր Բաղդասարյանը պատրաստականություն է հայտնում օրենքով սահմանված կարգով հայտարարագրված իր անձնական միջոցնեով վճարել «Ապրիլյան պատերազմի» ընթացքում զոհված բոլոր երիտասարդների, ինչպես նաև պայմանագրային զինծառայողների երեխաների և հարազատ քույր/եղբայրների ԲՈՒՀ-երի ուսման վարձերը։
«Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Մանրամասն տեղեկատվության, ինչպես նաև գրանցման համար խնդրվում է կապ հաստատել ՀՎԿ մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի հետ (հեռ․ 095-88-77-66)»,-ասված է հայտարարության մեջ:

Մոսինյանը Panorama.am-ին ասաց, որ խոսքը վերաբերում է թե պետական, մասնավոր բուհերում սովորողներին:

Placeholder
Ի՞նչ արտոնություն է սահմանում օրենսդրությունը զոհված զինծառայողների՝ բուհ-ում սովորող երեխաների համար