Անիի Մայր Տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը մինչ այս պահը լավ է ընթանում. Գյուրջյան
Մշակույթ
10:10 19/04/2016
Հայաստան

Անիի Մայր Տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը մինչ այս պահը լավ է ընթանում. Գյուրջյան

«Անիում այժմ վերականգնման աշխատանքներ են տարվում Մայր Տաճարում ու Ամենափրկիչ եկեղեցում: Մինչ այս պահը, մեր ունեցած տվյալներով, վերականգնումը բավականին մակարդակով և լավ է ընթանում, եթե, իհարկե, ընթացքում շեղումներ չլինեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

Նա նշեց, որ Անիի Ամենափրկիչ եկեղեցու և Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներում ընդգրկած  է միջազգային փորձագետների խումբ, որի կազմում է նաև ճարտարապետ Արմեն Ղազարյանը: Ըստ Գ.Գյուրջյանի, այս եկեղեցիները վերանորոգվում են Հուշարձաների համաշխարհային ֆոնդի, Ամերիկյան դեսպանների ֆոնդի, Թուրքիայի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

Թուրքիան ավելի վաղ Անի քաղաքն ընդգրկել էր  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների նախնական ցանկում,  Գագիկ Գյուրջյանի տեղեկացմամբ, այժմ նախապատրաստվում են այն  ընդգրկել հիմնական ցուցակ:

«Երբ որևէ հուշարձան ներգրավվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, տվյալ հայտ ներկայացնող երկիրը պետք է նաև ծրագիր ներկայացնի՝ պահպանության, վերականգնումների, ինչպես նաև անխաթարությունը պահպանելու պարտավորություն է ստանձնում: Սա, իհարկե, դրական է»,- նշեց նա: 

Ըստ Գ.Գյուրջյանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրենքով, որևէ հուշարձան, երբ ընդգրկվում է ցանկում, առաջնահերթությունը ոչ թե տվյալ հուշարձանի ազգային պատկանելիությունն է, այլ հուշարձանի համամարդկային արժեքը:

«Թուրքերի ներկայացրած հայտը վատը չէ: Իհարկե, ներկայացված են որպես հայկական հուշարձաններ, բայց, նշեցի, որ այս ցանկում ընդգրկվելու դեպքում առաջնայինն ազգային պատկանելիությունը չէ, այլ համամարդկային արժեքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր օրենքներն ունի, մեզ պետք է, որ այդ օրենքներով հուշարձանն ընդգրվի ցանկի մեջ՝ այդպես ավելի պահպանելի կդառնա, մեզ համար ավելի մատչելի կլինի»,- ասաց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահը:

Placeholder
Անիի Մայր Տաճարի ու Ամենափրկիչ եկեղեցու վերականգնումը մինչ այս պահը լավ է ընթանում. Գյուրջյան