Բոլոր բնագավառներում կոռուպցիոն ռիսկեր կան. դատավոր Մնացական Մարտիրոսյան
Իրավունք
13:54 19/04/2016
Հայաստան

Բոլոր բնագավառներում կոռուպցիոն ռիսկեր կան. դատավոր Մնացական Մարտիրոսյան

«Բոլոր բնագավառներում կոռուպցիոն ռիսկեր կան, մի տեղ մի քիչ շատ, մի տեղ քիչ: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարող մարմին էլ կա: Պետք է բոլորիս կամքը լինի, հասարակության մեջ էլ պետք է պայքար լինի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկեր չեն լինի:

Դատավորը պրոբացիայի ծառայության դեպքում կոռուպցիոն ռիսկեր տեսնում է ծառայության կողմից հիմնական զեկույց ներկայացնելու ժամանակ. «Հնարավոր է զեկույցում սխալ տեղեկություններ լինեն: Բայց այդ կարծիքին չեմ: Դատավորը վերլուծելով զեկույցը, հարց կտա պրոբացիոն ծառայողին՝ ինչո՞ւ է հարցում կատարել 4 հոգուց, ինչու մյուս 10 հոգուն չի հարցրել: Կլինեն այդ կարգի խնդիրներ, կդատապարտվեն ու հետո էլի ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Մարտիրոսյանի խոսքով, պրոբացիոն ծառայության ներդնումը բավականին բարդ է, հույս ունի՝ գոնե առաջիկա տասը տարվա մեջ կլինի,  իրավաբանների հաջորդ սերունդները պատշաճ կկիրառեն:

Դատավորը մասնակցում էր «Քրեական արդարադատության մոտեցումները Հայաստանում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով կլոր սեղանին:

Ներկա էր նաև միջազգային փորձագետ Մարտին Սեդոնը (Եվրոպայի խորհուրդ): Նա հարց տվեց փորձագետին, ի՞նչ անել, որ Հայաստանում կայանա պրոբացիայի ծառայությունը:

Մ. Սեդոնի խոսքով, դժվար է դատավորի համար, ով գործ ունի միջին ծանրության հանցագործի հետ. խուսափել այդ անձին բանտ ուղարկելուց, չուղարկելու դեպքում էլ ռիսկ է կրում:

«Դատական խորհրդատուներից մեկն ասել է, որ անձին պրոբացիոն ծառայության ուղարկելը մոլախաղի նման բան է, շահովի խաղ է: Դատավորները հասկանալի վախեր ունեն, կարող է հակառակ ռեակցիան լինի, վատագույն տարբերակն այն է, որ տվյալ անձը կարող է կարճ ժամանակ անց կրկին հանցագործություն կատարել: Դատավորին պետք է ապահով, արդյունավետ գործող պրոբացիայի ծառայություն, ով ուժեղ վերահսկողություն կիրականացնի, բոլոր պայմանները կկատարվեն»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով, հեշտ է բանտում փակելը, բայց տարբեր պատճառներով լավ լուծում չէ. «Հիմքեր ունեք պրոբացիայի ծառայության կայացման համար, սակայն ժամանակ է պետք մինչև կայանա, հասնի համապատասխան կարգավիճակի»:

Մ. Մարտիրոսյանի խոսքով, առաջիկայում դատավորներով պետք է հավաքվեն, քննարկեն պրոբացիոն ծառայության մասին օրենքի նախագիծը, հնարավոր ամեն ինչ անելու են, որպեսզի սեղմ ժամկետներում այս ծառայությունը կայանա:

Քննարկմանը ներկա արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերն ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունվել են, հույս հայտնեց, որ մոտակա մեկ ամսվում վերջնականապես կընդունվի օրենքը, ծառայությունը կսկսի գործել:

Placeholder
Բոլոր բնագավառներում կոռուպցիոն ռիսկեր կան. դատավոր Մնացական Մարտիրոսյան