ԿԳՆ-ում մտադիր են լեզվի սահմանադիր մարմին ձևավորել
Կրթություն, գիտություն
12:40 20/04/2016
Հայաստան

ԿԳՆ-ում մտադիր են լեզվի սահմանադիր մարմին ձևավորել

Խորհրդակցական մարմինները  ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել. Նման կարծիք է հայտնել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Լեզվի պետական տեսչության գործունեության վերաբերյալ առկա խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ժամանակ քննարկվել է նախարար Մկրտչյանին  ներկայացվել են մի քանի առաջարկություններ,  մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու  և զուգահեռաբար  նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ:

Նախարարը  մտահոգություն է հայտնել, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ:

«Խորհրդակցական մարմինները  ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության  ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը»,-ասել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը ներկայացրել է իր մոտեցումը. «Լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ և զուգահեռաբար ստեղծել   Հայերենի բարձրագույն  խորհուրդ՝  որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին: Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին»:

Ըստ աղբյուրի, հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության  գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների  և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես  տերմինաբանական կոմիտեի  գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման  և  դպրոցական  ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում  են  քննարկումներ ՀՀ կառավարությունում և  մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:
 

Placeholder
ԿԳՆ-ում մտադիր են լեզվի սահմանադիր մարմին ձևավորել