«Լինելության այբուբեն…». սիրիահայ ասեղնագործողների ստեղծագործությունները
Մշակույթ
11:00 23/04/2016
Հայաստան

«Լինելության այբուբեն…». սիրիահայ ասեղնագործողների ստեղծագործությունները

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր կբացվի «Լինելության այբուբեն…» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Հայի լինելության այբուբենը ասեղնագործության ճանապարհով ձգվում՝ անցնում է ժամանակաշրջանների խաչմերուկներով ու հասնում մեր օրերը: Վանի, Մարաշի, Ուրֆայի, Այնթապի, Սվազի կարատեսակները մեր նախնիների ուղերձներն են, որ գեղագիտորեն ամփոփված են ասեղնագործ զարդանախշերում:

«Ցեղասպանությունից փրկված հայ կանայք Սիրիայի Հալեպ քաղաքում ասեղնագործությամբ էին շարունակում իրենց գոյությունը: Ցուցահանդեսին ներկայացվում են նրանց ժառանգների՝ սիրիահայ ասեղնագործողների ստեղծագործությունները, որոնք մեր լինելության և ստեղծագործ ոգու վկայությունն են:

Սիրիահայ կանայք` 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգները, երկար տարիներ պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են հայկական ասեղնագործության ավանդույթները: Սիրիան, մասնավորապես, Հալեպ քաղաքը, մշտապես հայտնի է եղել հայ կանանց ասեղնահյուս աշխատանքներով, որոնք նրանց առօրյայի անբաժան մասն են եղել:

Ավաղ, Սիրիայում տեղի ունեցած պատերազմից հետո շատ հայ ընտանիքներ նորից լքեցին իրենց համար արդեն երկրորդ հայրենիք դարձած երկիրը և վերջնականապես հաստատվեցին Հայաստանում՝ շարունակելով պահպանել և վերականգնել ասեղնագործության ավանդույթները:
Ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքի բացման արարողության ընթացքում հայկական էթնիկ երաժշտությամբ հանդես կգա «Գողթ» բենդը»,-նշված է մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ: 

Ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև մայիսի 4-ը: 

Placeholder