Մեկնարկում են ակադեմիական IELTS քննության նախապատրաստական դասընթացները
Կրթություն, գիտություն
12:23 28/04/2016
Հայաստան

Մեկնարկում են ակադեմիական IELTS քննության նախապատրաստական դասընթացները

Բրիտանական խորհուրդը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ սկսում է ակադեմիական IELTS քննության նախապատրաստական դասընթացներ: 

IELTS (International English Language Testing System) քննությունն անգլերեն լեզվի ամենաճանաչված թեստն է աշխարհում: Տարեկան աշխարհում շուրջ 2 միլիոն մարդ հանձնում է IELTS քննություն: Այս մասին հայտնում են Բրիտանական խորհրդի մամուլի ծառայությունից:

Ավելին քան 9 000 կազմակերպություններ աշխարհի 140 երկրում`այդ թվում պետական, ակադեմիական և աշխատանքային հաստատություններ, ճանաչում և ընդունում են IELTS քննությունը:  Հայաստանը ևս կառավարության որոշմամբ IELTS քննությունն ընդգրկվել է որպես անգլերեն լեզվի թեստ ասպիրանտուրա ընդունվելու համար:

Բրիտանական խորհուրդը Հայաստանում IELTS քննության կազմակերպող միակ մարմինն է և նախորդ տարի անցկացրել է ավելի քան 1000 քննություն:

«IELTS քննությունը միջազգայնորեն ճանաչելի թեստ է, որը հանձնելով` հնարավորություն եք ստանում ուսանել լավագույն համալսարաններում կամ աշխատել արտերկրում: Հաշվի առնելով քննության հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը` Բրիտանական խորհուրդը որոշեց նախաձեռնել IELTS քննության նախապատրաստական դասընթացներ: Մենք ուրախ ենք, որ մեր նախաձեռնությանը միացավ Հայկական պետական մանկավարժական համալսարանը»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Դասընթացներն անցկացվելու են Հայկական պետական մանկավարժական համալսարանի մասնաշենքում և դասավանդելու են Բրիտանական խորհրդի որակավորումն անցած ուսուցիչները: Դասընթացի տևողությունը վեց շաբաթ է, ընդհանուր 34 ժամ: Սա քննությանն արագորեն ու որակյալ պատրաստվելու հնարավորություն է:

Placeholder
Մեկնարկում են ակադեմիական IELTS քննության նախապատրաստական դասընթացները