Դիմորդները, որոնց մոտ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ, հեռացվելու են քննական կենտրոններից. ԳԹԿ տնօրեն
Կրթություն, գիտություն
12:34 24/05/2016
Հայաստան

Դիմորդները, որոնց մոտ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ, հեռացվելու են քննական կենտրոններից. ԳԹԿ տնօրեն

Այն դիմորդները, որոնց մոտ ընդունելության քննությունների ժամանակ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ, առանց զգուշացման հեռացվելու են քննական կենտրոնից և այս տարի քննությանը մասնակցելու հնարավորություն այլևս չեն ունենալու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը:

«Ամենայն խստությամբ ենք վերաբերվելու նրանց, ում մոտ հայտնաբերենք ծածկագրեր կամ բջջային հեռախոսներ: Անցած տարվանից արդեն մեր կարգում փոփոխություն ենք մտցրել՝ առանց զգուշացման հեռացվելու են քննական կենտրոնից, զրկվելու են ընդհանրապես այս տարի քննություններին մասնակցելուց»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարի 5 դիմորդ  դուրս է հանվել և քննություններին  այլևս չեն մասնակցել:

Ըստ Գ.Մելիքյանի, դեպքեր են եղել, երբ նույն դիմորդի մոտից երեք հեռախոս են հայտնաբերել, տարբեր տիպի ինքնաշեն սարքեր, որոնք փաթաթում են հագուստներին:

ԳԹԿ տնօրենն ասաց, որ այս տարի բնագիտամաթեմատիկական առարկաների առաջադրանքներում փոփոխություն է մտցվել. «Անընդհատ  բողոքներ, նաև առաջարկություններ ենք ստանում, որ  թեստերի պարագայում շատ առարկաներից դիմորդները  սովորում են պատասխանները, ոչ թե, օրինակ, ինչպես լուծել խնդիրը: Բնագիտամաթեմատիկական առարկաների բոլոր առաջադրանքները վերցվել են շտեմարաններից,  սակայն առաջադրանքների մեջ թվային տվյալները կարող են փոփոխված լինել: Խնդիրը որևէ փոփոխություն չի կրում, բայց թվային արժեքների փոփոխությունը բերելու է նրան, որ երեխան ոչ թե հիշի պատասխանը կամ օգտվի ծածկագրից,  այլ տեղում հաշվարկներ կատարի, ստանա նոր պատասխան: Այսպես հնարավորություն կլինի տարանջատել այն դիմորներին, ովքեր փորձում են անգիր անել կամ ծածկագրերից օգտվել»:

Նա նաև տեղեկացրեց, որ «Անգլերեն» առարկայի թեստերում մեկ չնչին փոփոխություն կա. ընտրովի պատասխանը դարձել է կարճ պատասխան:

Գ.Մելիքյանն ասաց, որ վերջին 2-3 տարիներին քննությունների կազմակերպման, շտեմարանների բովանդակության հետ կապված բողոքները նվազել են:

Placeholder
Դիմորդները, որոնց մոտ կհայտնաբերվեն բջջային հեռախոսներ, հեռացվելու են քննական կենտրոններից. ԳԹԿ տնօրեն