Ուր վազել, երբ կրակում են...
Հասարակություն
18:36 27/05/2016
Հայաստան

Ուր վազել, երբ կրակում են...

Ապրիլյան պատերազմը, Բաքվից չդադարող սպառնալիքները ստիպում են առավել մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական պաշտպանության հարցերին: Ամեն րոպե պատերազմի վտանգի առաջ կանգնած Հայաստանում ի՞նչ է արվել և արվում քաղաքացիական առավել արդյունավետ պաշտպանության համար, որո՞նք պետք է լինեն քաղաքացիների առաջին անելիքը,  դեպի ո՞ր կողմ վազել կրակոցների ժամանակ:

Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ԱԻՆ Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետի տեղակալ Էդան Սնգրյանը:


Ապրիլյան պատերազմն ու քաղպաշտպանության ոլորտում անելիքները
Ապրիլի պատերազմական գործողություններից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել «Քաղպաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններով: Դրանք նախատեսում են, որ ցանկացած նոր կառուցվող շենք, շինություն պետք է ունենա ստորգետնյա նկուղ կամ այլ նպատակի ծառայող տարածք, որոնք անհրաժեշտության պարագայում բնակիչների համար կարող են որպես ապաստարան ծառայել: 

«Երևան քաղաքում նորակառույց շենքերի մեծ մասը նկուղային տարածքներ կամ ավտոկայանատեղիներ ունեն, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են բնակիչների համար ծառայել որպես պարզագույն թաքստոց: Դրանց առկայության վերաբերյալ օրենսդրական պարտադրանք դեռ չկա, թողնված է կառուցապատողի հայեցողությանը: Հիմա աշխատանքներն ենք տանում, որ դա լինի պարտադիր պայման»,-մանրամասնեց ԱԻՆ Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետի տեղակալ Էդան Սնգրյանը:

Քաղպաշտպանական կառույցների նախագիծն արդեն ԱԻՆ-ը ուղարկել է  Քաղաքաշինության նախարարությանը, հետո ենթադրում են, որ կլինեն համապատասխան մարմինների մասնակցությամբ քննարկումներ: ԱԻՆ պաշտոնյան հույս ունի, որ մոտ ապագայում դրանք իրավական ուժ կստանան ու կյանքի կկոչվեն:

Նկարում ԱԻՆ կողմից առաջարկվող հատակագիծն էԱԻՆ Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետի տեղակալը նշեց, որ քաղպաշտպանության հարցերը միշտ էլ ուշադրության կենտրոնում են եղել, դրանց վերաբերյալ դասընթացներ, միջոցառումներ են իրականացվում: Դրանք սահմանված են կառավարության որոշմամբ:

Աստված մի արասցե, եթե պատերազմ սկսկվեց,  ո՞րը պետք է լինի քաղաքացու առաջին անելիքը
Սնգրյանը համաձայնվեց  դիտարկմանը, որ հիմա քաղպաշտպանության տարրական գիտելիքների տարածման համար գովազդային հոլովակների պատրաստման ու ցուցադրման անհրաժեշտություն կա: Հարցի լուծման համար պատրաստակամություն հայտնեց համագործակցել լրատվամիջոցների հետ: Մինչ պատրաստ կլինեն նման գովազդային հոլովակները, ԱԻՆ Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետի տեղակալը մատնացույց է անում նախարարության պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվությունը  և նախապես պատրաստած հուշաթերթը:

Բոլոր բնակավայրերում, ըստ նրա, ապաստարաններ ունենալու անհրաժեշտություն չկա: Դրանք նախատեսված է բնակչության լայն շերտերի համար: Նա մտածում է, որ հակառակորդը թանկարժեք զինատեսակները չի կիրառի ոչ նպատակային՝ օրինակ մի գյուղական համայնք խոցելու համար: Այդ զենքերը թշնամին կկիրառի ռազմավարական, կարևոր նշանակություն ունեցող կազմակերպությունների նկատմամբ: Հենց դրանցում էլ ստեղծվում են պաշտպանական կառույցները՝ ապաստարանները:

Բնակչության համար խորհուրդ են տրվում պարզագույն թաքստոցներ, որոնք իրենց կոնստրուկտիվ առանձնահատկություններով կարող են պաշտպանել հարվածային ալիքներից, պայթյունի ժամանակ առաջացած բեկորներից:

Օրինակ, Երևանում մետրոպոլիտենի բոլոր ստորգետնյա կայարանները շատ լավ պաշտպանական կառույցներ են, կարող են պաշտպանել խոցման միջոցների լայն սպեկտորից:

«Երկրի մակերևույթից ցածր գտնվող ցանկացած տարածք կարող է հանդիսանալ թաքստոց՝ գետնանցումներ, անցումներ, բազմաբնակարան շենքերի նկուղային հարկեր: Եթե մոտակայքում չկան նման թաքստոցներ, խորհուրդ  է տրվում ընտրել ոչ բարձր հենապատերը: Ինչո՞ւ ոչ բարձր, որպեսզի դրանց հնարավոր փլուզման դեպքում մարդիկ շատ չտուժեն: Նմանատիպ տարածքներ Երևանում բազմաթիվ են»,-թվարկեց նա:

Եթե մոտակայքում չկան նման կառույցներ, ապա ուղղակի պետք է պառկել գետնին, փակել ականջները, բերանը բաց պահել, պայթյունների ժամանակ ուժեղ բղավել:


«Գետնին պառկելով ձեր խոցման մակերեսը քչացնում եք: Բարձր բղավոցն օգնում է արտաքին ճնշման նվազեցմանը, նպաստում է, որ թմբկաթաղանթները չվնասվեն: Օրինակ, ձեր խմբագրությունը Արամի փողոցի վրա է: Դուք առաջին հերթին պետք է վազեք դեպի Մաշտոցի պողոտայում գտնվող գետնանցումներ, հասնեք մեջտեղի հատված, կամ էլ Մանկական երկաթուղի տանող թունել, ուղղակի թունելի երկար հատված այս կողմից երևում է, պետք է ծածկել»,-ասաց նա:

Նոր թաքստոցներ
«Մեր ուշադրության կենտրոնում եղել են գնդակոծվող սահմանամերձ համայնքները: Այդ տարածքներում բնակչությունն իրենց պատսպարման տեղերը գիտի: 20 տարվա ընթացքում իրենց սեփական տան տարածքում ընտրել են համեմատաբար անվտանգ տարածքն ու կազմակերպել իրենց պաստպարանը: Դպրոցների ու մանկապարտեզների համար թաքստոցների ստեղծման աշխատանքներն անընդհատ իրականացվել են»,-ասաց ԱԻՆ պաշտոնյան:
Օրինակ, Չինարիում գյուղապետարանն իր ուժերով դպրոցի և մանկապարտեզի համար պարզագույն թաքստոց է կառուցել, որը բավականին ուսանելի կառույց է: Լավ կլիներ, որ դա տարածվեր:

Նկարում Չինարիում պատրաստած թաքստոցներից մեկն է



Սնգրյանի խոսքով, ԱԻՆ-ի խորհուրդներով, համայնքների բնակիչների առաջարկությամբ, մեր մասնագետներն այցելել են սահամանմերձ համայնքներ, ընտրել են դպրոցի, մանկապարտեզի առավել անվտանգ տարածքները, մաքրել, երեխաների գտնվելու համար ստեղծել անհրաժեշտ նվազագույն պայմաններ:

«Դա ենթադրում է սանհանգույց, ջրի պաշար: Շատ դպրոցների և ուսումնական հաստատությունների դիմաց կառուցվել են բետոնե կամ փայտե հենապատեր: Սրանք այն շենքերում են, որոնք նկուղային, անվտանգ տարածքներ չունեն: Դրանց կառուցմանն աջակցել են նաև միջազգային կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները»,-ասաց նա:

Պայուսակ, որի մեջ անհրաժեշտ է ունենալ…
Պատերազմական վիճակում գտնվող պետության ցանկացած քաղաքացի պետք է պատրաստ ունենա մի փոքրիկ պայուսակ:

«Պետք է հաշվի առնել, որ պետության կողմից կենտրոնացված մատակարարման համար պահանջվում է 2-3 օր ժամանակ: Այդ օրերի համար պայուսակում պետք է լինեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ ջրի ու սննդամթերի որոշակի պաշար, փոխնորդ հագուստ, հիգիենայի պարագաներ: Խորհուրդ է տրվում անպայման ունենալ էլեմենտով աշխատող ռադիոընդունիչ, որ հանկարծ էլեկտրամատակարարումը դադարի, քաղաքացին ունենա տեղեկատվություն ստանալու աղբյուր, չնայած հիմա բջջային հեռախոսների մեծ մասն ունեն ռադիոընդունիչ FM հաճախականության վրա, բայց խորհուրդ է տրվում նաև դա: Պայուսակում պետք է լինեն նաև փաստաթղթերը, գումար, փոքրիկ թանկարժեք ապրանքներ»,-ասաց Սնգրյանը:

Նկարներում Չինարիի մյուս թաքստոցներն են

Placeholder
Ուր վազել, երբ կրակում են...