«Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող
Կրթություն, գիտություն
11:17 10/06/2016
Հայաստան

«Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի քննական կենտրոնում «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունների մեկնարկը հանգիստ է սկսել: Այս մասին մեկնարկից հետո  Panorama.am-ի հետ զրույցում նշեց քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փարիկյանը:

«Մեր քննակետրոնում քննություն պետք է հանձներ 160 դիմորդ, որոնցից բացակա էր 7-ը: Բազմիցս զգուշացրել էինք բջջային հեռախոսների համար, միևնույն է, երեխաներից մի քանիսը բերել էին իրենց հետ, բայց մինչ քննասեղանին մոտենալը հանձնեցին դրանք»,-նշեց նա:

Քննակենտրում ներկա Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ևս նորմալ գնահատեց քննությունների մեկնարկը. «Պայմանները բավարար են, որպեսզի երեխան հանգիստ քննություն հանձնի»:

Նշենք, որ այսօր հանրապետության 15 քննական կենտրոնում «Ֆիզիկա» առարկայից քննություն է հանձնելու 1862 դիմորդ:

Դիմորդներից Սամվել Բարսեղյանը ցանկանում է ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետ:

«Առաջին միասնական քննությունս է, սակայն չեմ անգանգստանում, առարկային լավ եմ տիրապետում, քանի որ սովորել եմ ֆիզմաթ դպրոցում: Դպրոցում շատ ենք քննություններ հանձնել, դրան էլ եմ արդեն սովորել»,-ասաց Սամվելը:

«Ֆիզիկա» առարկայից քննությունի հանձնողների շարքում սակավաթիվ էին աղջիկները:

«Ինձ թվում էր ավելի լարված կլինեմ, բայց երբ եկա այստեղ հուզվածությունս անցավ»,-պատմեց Տաթևիկ Էլոյանը, ով ևս ցանկանում է ՀՊՃՀ ընդունվել և դառնալ ծրագրավորող:

Դիմորդներից առավել շատ անհանգստացած ու հուզված էին դրսում սպասող ծնողները:

Երեք երեխաների հայ Վահագն Մելիքյանը սպասում է, որդու հաջողություններին. «Երեք տարին մեկ կրկնվում է այս անհանգստությունս, երեխաներս հերթով քննություն են հանձնում: Տղաս ցանկանում է պոտլիտեխնիկ ընդունվել, սպասում եմ նրա հաջողություններին»:

15-ամյա դիմորդի մայրը՝ Երիցյան Աղավին էլ ասաց, որ որդին բարձր տրամադրությամբ է մտել քննության, անգամ կատակելով, որ եթե այս տարի չընդունվի էլ, դեռ երկու տարի ունի՝ նորից դիմելու:
 

Placeholder
«Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող