Առաջին փուլով 3193 դիմորդ դիմել է Մայր բուհ ընդունվելու համար
Կրթություն, գիտություն
14:40 20/06/2016
Հայաստան

Առաջին փուլով 3193 դիմորդ դիմել է Մայր բուհ ընդունվելու համար

Հանրապետությունում առաջին փուլի արդյունքներով դիմորդների թիվը 10390 է, որոնցից 3193-ը դիմել են Մայր բուհ ընդունվելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵՊՀ ընդունող հնձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

ԵՊՀ-ն դիմում հայտեր ընդունել է 53 կրթական ծրագրով, որոնց համար 3046  վճարովի և 36 անվճար տեղ:

Նա նշեց, որ ԵՊՀ-ում մեծ աճ են գրանցել ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, կովկասագիտություն, հայոց լեզու և գրականություն մասնագիտությունների ընդունելության առումով. «Նախորդ տարի բնագիտական, ֆիզմաթ ֆակուլտետներում ունեցանք թափուր տեղեր, կարծում եմ, որ այս տարի ևս կլինեն»:

Ինչ վերաբերում է վարձավճարներին՝  Վաչագան Գալստյանն ասաց, որ զգալի բարձրացումներ չեն եղել, միայն 8 տոկոսով կարգավորվել է՝ ինֆլյացիայի հետ կապված:

Հանդիպմանը ներկա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Կարեն Արզումանյանն էլ հայտնեց, որ նախորդ տարի առաջին փուլով պոլիտեխնիկական համալսարանն ունեցել է 919 դիմորդ, իսկ այս տարի՝ 956: Անվճար տեղերի թիվը մնացել է նույնը՝ 262:

«Այս տարի մրցույթի ձևը նախորդ տարիների համեմատ մեր համալսարաննարում փոխվել է, եթե անցած տարի ընդունելությունն իրականացվում էր ֆակուլտետներով, այս տարի առանձին կրթական ծրագրերեով: Այս տարի ակնհայտ ամենաշատ դիմորդները արձանագրվել են ՏՏ բաժիններում՝ 1 տեղի համար 5.2 դիմորդ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժինը՝ 1 տեղի համար 4.3 դիմորդ: Ամենաքիչը դիզայն մասնագիտության համար դիմորդներն են»,-նշեց ՀԱՊՀ պրոռեկտորը՝ հավելելով, որ համալսարանում ուսման վարձերը չեն բարձրացվում:

Placeholder
Առաջին փուլով 3193 դիմորդ դիմել է Մայր բուհ ընդունվելու համար