«Հետամուտ եմ լինելու, որ որդուս տանեն այնպիսի զորամաս, որտեղ ենթակա է ծառայության». զինակոչիկի ծնող
Հասարակություն
13:22 20/06/2016
Հայաստան

«Հետամուտ եմ լինելու, որ որդուս տանեն այնպիսի զորամաս, որտեղ ենթակա է ծառայության». զինակոչիկի ծնող

Այսօր մեկնարկեց 2016թ. ամառային զորակոչից առաջ քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը: Նիստին ներկա էին առաջին 25 դիմումատուներ ծնողները և զորակոչիկները:

Դիմումատու ծնողներից Գեղամ Դոլուխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որդին ողնաշարի հետ կապված խնդիր ունի. «Ինքս հայկական բանակի առաջին զինվորներից եմ եղել, այսօր հերթը հասել է իմ տղային: Չեմ ուզում, որ որդիս ծառայությունից խուսափի, շատ կուզենայի, որ առողջական խնդիրներ չունենար և հանգիստ մեկներ ծառայության»:

Զինակոչիկի ծնողը նիստում քննարկումից հետո տեղեկացրեց, որ իր ներկայացրած դիմումի, փաստաթղթերի համաձայն հանձնաժողովը հայտնեց, որ իր որդին ենթակա է ծառայության՝ որոշակի սահմանափակումներով. «Հետամուտ եմ լինելու, որ որդուս տանեն այնպիսի ծառայության, որտեղից նա հաշմանդամ կամ անդամալույծ չվերադառանա, ծառայության ընթացքում էլ բեռ չլինի ընկերների համար»:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի պատասխանն իրեն բավարարել է, օրենքի սահմաններում իրեն տրվել են հուզող հարցերի պատասխանները:

Նիստին ներկա «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանը ևս նշեց, որ դիմումների մեջ գերակշռողը առողջական բնույթի են՝ հիմնականում՝ ողնաշարի և հենաշարժողական ապարատի խնդիրներով, սակայն լինում են նաև իրավական բնույթի՝ եղբոր մոտ ծառայելու, ընտանիքի սոցիալական վիճակի և նմանատիպ խնդիրների հետ կապված:

Placeholder
«Հետամուտ եմ լինելու, որ որդուս տանեն այնպիսի զորամաս, որտեղ ենթակա է ծառայության». զինակոչիկի ծնող