Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն
Հարկային նոր օրենսգրքի նախագծի այս տեսքով ընդունումը կբերի մարդկանց ավելի աղքատացման, ստվերի ավելացման, գների բարձրացման: Panorama.am-ի հետ զրույցում նման հնարավոր հետևանքներ մատնանշեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Panorama.am- Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ հնչեցին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը:
Տնտեսագետ- Ընդհանուր առմամբ Հարկային օրենսգիրքը՝ որպես իրավական-տնտեսական փաստաթուղթ բավականին ողջունելի է, քանի որ Հայաստանում դրա անհրաժեշտությունը վաղուց կար: Տասնյակից ավելի հարկատեսակների պարագայում առանձին օրենքներով բավականին բարդ էր աշխատելը, երբեմն հակասություններ ու խնդիրներ էին առաջանում: Այս պարագայում ողջ օրենսդրությունը մեկ օրենսգրքում միավորելը կարևոր քայլ է:
Բովանդակային առումով, ընդամենը գործող հարկատեսակների միավորում է տեղի ունեցել, ավելի շատ copy paste է արված, որակական փոփոխություններ, ցավոք սրտի, չկան: Մինչդեռ մի շարք հարկատեսակների առումով արմատական փոփոխությունների կարիք կա Հայաստանում, ընդ որում մի քանի հարկատեսակներից էլ պետք է ընդհանրապես հրաժարվել, դրանք փոխարինելով ուրիշներով:
Ունենալ մոտ երկու տասնյակ հարկատեսակ նման փոքր տնտեսության համար բավականին խնդիրներ է առաջացնում ու ոչ գրավիչ միջավայր ստեղծում գործարարությամբ զբաղվելու համար: Մասնավորապես, փոքր բիզնեսի համար արտոնագրային վճարների ինստիտուտը, կարծում եմ, արդեն իր արդիականությունը կորցրել է: Ընդ որում արտոնագրային վճարի պարագայում, ի տարբերություն մյուս հարկատեսակների, փոքր բիզնեսի ներկայացուցիչները պարտավոր են վճարել մինչև բիզնես գործունեություն սկսելը: Սա լուրջ խնդիրներ է առաջացնում փոքր բիզնեսի համար, քանի որ հարկերը ծախսերի զգալի մասն են կազմում:
Արտոնագրային վճարը նպատակահարմար է փոխարինել շրջանառության հարկով:
Համեմատության համար նշեմ, որ Վրաստանն ու Մերձբալթյան երկրները ընդամենը 5-6 հարկատեսակ ունեն, և բավականին պարզ մեխանիզմով հնարավորություն է ստեղծվում ամբողջ տնտեսությունը զարգացնել, իսկ մեզ մոտ 90-ականներից սկսած շարունակում են ավելացնել հարկատեսակները՝ պահպանելով արդեն եղածները:
Panorama.am- Հարկային նոր օրենսգրքով առաջարկվող փոփոխություններից կարծես դժգոհ են բոլորը՝ խոշոր տնտեսվարողները, բանկերը, նաև փոքր և միջին ձեռնարկատերերը: Արդարացվա՞ծ է նրանց բողոքը:
Տնտեսագետ- Փոքր բիզնեսի համար խնդիր է առաջացնում շրջանառության հարկի շեմի իջեցումը՝ գործող տարեկան 115 մլն դրամի փոխարեն առաջարկվում է 40 մլն դրամ: Այսինքն, դրանից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները պետք է սկսեն աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ վճարելով ավելացված արժեքի հարկ և շահութահարկ: Տարբերությունը բավականին մեծ է՝ այդ շեմը երեք անգամ նվազեցնելը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել փոքր բիզնեսի մոտ: Կառավարությունը հիմնավորում է, թե խոշոր բիզնեսը փորձում է սողոսկել ու տեղավորվել գործող շեմի՝ 115 մլն-ի ներքո:
Փոխարեն նորմալ վարչարարությամբ կարողանան վերահսկել խոշոր բիզնեսին, արհեստական ինչ-որ գործիքներով վնասում են բարեխիղճ տնտեսվարողներին: Իհարկե, սա լուրջ խնդիրներ կառաջացնի: Տնտեսության այսօրվա պասիվացման պայմաններում նշված փոփոխության հետևանքով փոքր բիզնեսի մոտ հարկերի մասնաբաժինը բավականին կմեծանա: Դժգոհությունը միաժամանակ տեղին է: Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամն ու առաջիկա տարիների բացասական սպասումները, ընդհակառակը, պետք էր փոքր բիզնեսի համար լրացուցիչ բարենպաստ պայմաններ ստեղծել:
Panorama.am-Անցած տարի հենց այս օրերին էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիա էր իրականացվում՝ «Էլետրիկ Երևան»-ի մասին է խոսքը: Ինչո՞ւ ձեռներեցներն ու գործարարները փողոց դուրս չեն գալիս:
Տնտեսագետ- Մի քանի շերտերում դժգոհություններն արդեն նկատվում են: Օրինակ, միջին խավի համար էլ խնդրահարույց է եկամտային հարկի դրույքաչափի առաջարկվող փոփոխությունը: Հաշվի առնենք, որ օրենսգրքի հիմնական քննարկումները տեղի ունեցան արտահերթ ռեժիմով, 1-2 օրում այս հսկայածավալ փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունվեց, նույնիսկ առանց նորմալ քննարկելու: Կարծում եմ, աշնանը դժգոհության գործողություններ կլինեն: Այստեղ խնդիրն այն է, որ օրենսգիրքը մի քանի շերտերի վրա բացասական ազդեցություն է ունենում, էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում տուժող շերտերն ավելի շատ էին: Ամեն դեպքում, կարծում եմ, աշնանը, երբ երկրորդ ընթերցմամբ քննարկվի, դժգոհություններ կլինեն:
Panorama.am -Ինչ եք կարծում, Ազգային Ժողովը կգնա՞ օրենսգիրքն այս տեսքով ընդունելու քայլին:
Տնտեսագետ -Կարծում եմ, տեղի կունենա այն, ինչ եղավ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, տրանսպորտի թանկացման, կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման պարագայում: Իշխանության հերթական հնարքներից է, երբ նա ի սկզբանե նախատեսում է որոշակի զիջումներ, քաղհասարակությանը մղում են պայքարի, արդյունքում իրականացնում են զիջումներ՝ դրանով տպավորություն ստեղծելով, որ իշխանությունը լսում է ընդդիմությանն ու հասարակությանը: Կանխատեսում եմ, որ պայքարի արդյունքում, այն հարկատեսակները, որոնց մասով ավելացում է կանխատեսել, որոշ չափով զիջումներ կիրականացնի: Տնտեսվարողները «հաղթանակ» կտոնեն, բայց կունենանք ավելի բարձր հարկեր, քան ունենք այս պահին:
Panorama.am -Նախընտրական տարում ինչո՞ւ կառավարությունը որոշեց գնալ այդ քայլին:
Տնտեսագետ- Հիմնական խնդիրը բյուջետային արդեն տեղի ունեցող ճգնաժամն է: 2015-ին արձանագրվեց 240 մլդր դրամ դեֆիցիտ, որը կազմում է ՀՆԱ-ի 5 տոկոսը: Սա աննախադեպ մեծ թիվ է Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Այս տարվա բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 190.7 մլրդ դրամ:
Ստեղծված իրավիճակում կառավարությունը կատարում է կտրուկ քայլերի: Հարկերի բարձրացմամբ փորձում է բյուջետային ճգնաժամը հաղաթահարել՝ փորձելով ավելի շատ հարկեր հավաքելով իրականացնել բյուջեի սպասարկումը: Վերջին ամիսներին կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծախսերի խնայողությունների վերաբերյալ հայտարարություններն ավելի շատ պայմանավորված են բյուջետային դեֆիցիտի խնդրով: Կառավարությունը տեսնում է, որ առկա եկամուտներով հնարավորություն չունի բյուջետային նման ծախսեր իրականացնել, որոշ չափով կրճատում է ծախսերը, բարձրացնում հարկերը:
Ես կարծում եմ, որ հարկերի բարձրացումը տնտեսության լրացուցիչ պասիվացում կբերեի, հնարավոր է ընդհանրապես ավել հարկեր չհավաքագրվեն: Որոշ քաղաքական գործիչներ, այս փաստաթուղթը համարում են տնտեսության կործանում, ես այնքան էլ համաձայն չեմ այդ տեսակետին, նախ պետք է ունենանք տնտեսություն, որ կործանվի:
Ամեն դեպքում, եթե օրենսգիրքն այս տեսքով ընդունվի, մարդիկ ավելի են աղքատանալու, փոքր ձեռնարկությունները կփորձեն խուսափել ընդահանուր հարկման դաշտից, ինչի հետևանքով ստվերը կավելանա, ակցիզային հարկի բարձրացումն էլ կբերի գնաճի: