Քաղաքագետ. Սանկտ Պետերբուրգի հայտարարությունը թույլ չի տալիս հստակ խոսել, թե ինչ դիտորդների մասին է խոսքը
Քաղաքական
17:26 24/06/2016
Հայաստան

Քաղաքագետ. Սանկտ Պետերբուրգի հայտարարությունը թույլ չի տալիս հստակ խոսել, թե ինչ դիտորդների մասին է խոսքը

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո կողմերը  հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «… նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»:

Ի՞նչ դիտորդների մասին է խոսքը, ո՞ւմ առաջարկով է դիտորդների մասին հարցը քննարկվել, մտավախություն չկա՞, որ դիտորդները կարող են ժամանակի ընթացքում վերածվել խաղաղապահ առաքելություն իրականցնողների:

Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ:

Panorama.am- Ի՞նչ դիտորդների մասին է խոսքը:
Մինասյան- Քանի որ այս դեկլարացիայում որևէ ձևով չի նշվում, թե կոնկրետ ի՞նչ դիտորդներ են, արդյո՞ք այդ դիտորդները կապ ունեն ԵԱՀԿ անձնական ներկայացոիցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության հետ, և այլն, ապա ես դժվարանում եմ Սանկտ Պետերբուգի հայտարարության հիման վրա ասել, թե դա ինչ նշանակության կարող է ունենալ:

Միգուցե ոչ հրապարակային քննարկումներ կամ պայմանավորվածություններ կան, կամ  կլինեն հետագա ինչ-որ քննարկումներ, բայց այս ձևակերպումը դեռ հնարավորություն չի տալիս պրակտիկ ձևով դրա մասին խոսել:

Panorama.am- Մտավախություն կա, որ դիտորդները ժամանակի ընթացքում կարող են դառնալ խաղաղապահ առաքելություն իրականացնողներ: Որո՞նք են դիտորդների և խաղաղապահների գործառույթները, նման մտահոգության ու «վտանգի»  հիմքեր կա՞ն:
Մինասյան- Չգիտեմ, դա պե՞տք է դիտարկել որպես վտանգ, թե որպես հնարավորություն: Եթե հիմնվում ենք  Սանկտ Պետերբուրգի հայտարարության վրա՝ դա չի կարող ինչ-որ նախադրյալներ ստեղծել:

Գլխավոր տարբերությունը հասկանալի է, որ դիտորդները միայն դիտարկում են ու ֆիքսում:  Խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը,  երբեմն, կախված մանդատից, կարող են նաև արձագանքել հրադադարի կամ խաղաղության պայմանների խախտմանը: Սկզբունքային տարբերությունը դա է: Էլի եմ կրկնում, այս պահին եղած հայտարարությունից դատելով՝  խաղաղապահ միսիայի ձևաչափի վերածվելու վտանգի մասին խոսելը դեռ շուտ է:

Panorama.am- Ի՞նչ եք կարծում, եթե դիտորդների թվաքանակը ավելանա, հնարավո՞ր է հետաքննության մեխանիզմների ներդրման հնարավորությունից հետընթաց կատարվի:
Մինասյան- Այս փուլում այնքան վաղ է խոսել հնարավոր վնասների մասին: Այս հայտարարությունը  կարող է վտանգ ստեղծել ընդհանրապես վստահության մեխանիզմների ստեղծման առումով: Այսինքն,  ադրբեջանական կողմը կարող է ասել՝  այո, միջազգային դիտորդներ կան: Իրենք միջազգային դիտորդներ ասելով կարող են  հասկանալ  ՄԱԿ-ի, Եվրախորհուրդի կամ այլ կազմակերպության դիտորդներ, որոնք կապ չունեն ոչ Կասպրշիկի առաքելության,  ոչ Վիեննայի պայմանավորվածությունների հետ: Արդյունքում  հնարավոր է մի իրավիճակ, երբ այդ մեխանիզմները  որևէ ձևով չեն գործելու:

Միգուցե հայկական կողմում կան որոշ հույսեր կամ ինչ-որ ոգևորություն այդ կետի առկայության վերաբերյալ, բայց դա դեռ ոչ մի բան չի նշանակում: Նույն ձևով Սանկտ Պետերբուրգի փաստաթղթի մյուս մասը, որ ինչ-որ վախեր է ստեղծել Հայաստանում, որ իրական բանակցային գործընթացի շուրջ պայմանավորվածություն կա, նույնպես ոչ մի բան չի նշանակում:

Այդ հայտարարությունը հատուկ այն ձևով է արվել, որ այս պահին որևէ  լուրջ պայմանավորվածությունների մասին մենք չենք կարող խոսել: Հետևաբար կարելի է հնարավորինս  լայն շրջանակներով մեկնաբանել:
 

Placeholder
Քաղաքագետ. Սանկտ Պետերբուրգի հայտարարությունը թույլ չի տալիս հստակ խոսել, թե ինչ դիտորդների մասին է խոսքը