Հայկական հոգեբուժական ասոցիացիան անվճար հոգեբանական աջակցություն  կտրամադրի ապրիլյան պատերազմի մասնակցած և զորացրված զինծառայողներին
Առողջություն
14:51 11/07/2016

Հայկական հոգեբուժական ասոցիացիան անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրի ապրիլյան պատերազմի մասնակցած և զորացրված զինծառայողներին

Հայկական հոգեբուժական ասոցիացիան պատրաստակամ է մարտական գործողություններին մասնակցած և արդեն զորացրված զինծառայողներին ապահովել անվճար հոգեբանական օգնությունով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

«Հիմա, երբ զորացրվում են մարտական գործողություններին մասնակցած զինծառայողները, մենք պատրաստակամ ենք նրանց  տրամադրել անվճար հոգեբանական աջակցություն՝ մեզ հետ համագործակցող մասնավոր կազմակերպությունների միջոցով: Մենք սա բարեգործություն չենք համարում, պարզապես ցանկանում ենք օգտակար լինել մեր զինծառայողներին»,- ասաց նա:

Հոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպություններն են՝ 
«Ինթրա» հոգեկան առողջության և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը,  Արցախում էլ «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը:

Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ ապրիլի 5-ին  ասոցիացիան նույնպես հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ասոցիացիայի հետ համագործակցող հոգեկան առողջության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, պատրաստ են անվճար հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերել մարտական գործողություններին առնչվող անձանց և նրանց ընտանիքների անդամներին: Արդյունքում, ըստ Արմեն Սողոյանի, Հայստանում հոգեբանական աջակցություն է տրամադրվել 94, իսկ Արցախում՝ 121 քաղաքացու: 

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց, որ արցախյան վերջին իրադարձությունների հաջորդած կարելի է բաժանել փուլերի. «հերոսական փուլը, որը սովորաբար տևում է մեկ ամիս կամ 40 օր, ավարտված է»:

«Այդ փուլում որպես կանոն մարդիկ սիրում են իրար օգնել, երկրորդ պլան է մղվում մարդու սեփական շահը և բանակի, ազգի, ընդհանուր շահն առաջնահերթ է: Սակայն դրանից հետո սկսվում է երկրորդ փուլը, որի ժամանակ յուրաքանչյուր մարդ սկսում է ավելի խորությամբ դառնալ սեփական շահի պաշտպանը: Հիմա մենք թևակոխել ենք մի փուլ, որ եսակենտրոնությունն է»,- ասաց նա:

Խաչատուր Գասպարյանը, անդրադառնալով հոգեբանական խնդիրներին, նշեց, որ տրավմաները սովորաբար անմիջապես գլուխ չեն բարձրացնում, երբեմն բավական ժամանակ է պետք:

«Այսինքն՝ չպետք է սպասեինք, որ ապրիլի 5-6-ից հետո մարտական գործողությունների մասնակիցների մոտ անմիջապես այդ տրավմանները նկատվելու էին, եթե նկատվեին, ապա ընդամենը  3-5%-ի մոտ է նկատվում, ինչը կոչվում է սթրեսին սուր հակազդման ռեակցիա: Մնացած բոլոր  դեպքերը ուղղակի տրամվմատիկ սթերս ապրած մարդկանց զգացումներ են, որոնց պետք է լսել, աջակցել և ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»,- ասաց հոգեբանը:

Ըստ նրա սովորաբար հերոսական փուլում յուրաքանչյուրն իրեն կարևոր է զգում և թվում է, որ այդ ուշադրությունը նաև կշարունակվի հետագայում, մինչդեռ դա ոչ միշտ է այդպես:

Խաչիկ Գասպարյանն օրինակ բերեց, որ ամպուտացված զինվորականի է հանդիպել, որը մինչև հիմա խնդիր ունի բյուրոկրատիայի հետ:

«Ասում են՝ պետք է ստատուս ունենաք, որ իրականացվի պրոթեզավորումը:  Նա ապրիլի կեսերին է կորցել ոտքը: Այստեղ առաջանում է հասարակության մեջ չգնահատվելու, անիմաստ ազգին ծառայելու զագցումներ, որոնք հետագայում կարող են լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնել»,-ասաց նա:

Placeholder
Հայկական հոգեբուժական ասոցիացիան անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրի ապրիլյան պատերազմի մասնակցած և զորացրված զինծառայողներին