Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը
Կրթություն, գիտություն
15:14 01/08/2016
Հայաստան

Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ   խորհրդաժողովը:  Միջոցառումը  ՀՀ կրթության և  գիտության նախարարությունը կազմակերպում է երկամյա պարբերականությամբ՝ սկսած 2004 թվականից: Այս տարվա խորհրդաժողովին  մասնակցության հայտ են ներկայացրել  19 երկրներում գործող հայկական կրթական  կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ՝ այդ թվում կրթօջախների տնօրեններ, ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ: Նման տվյալներ են հրապարակել ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Խորհրդաժողովի մասնակցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը  ներկաների համար ընթերցել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Ըստ աղբյուրի, ուղերձում մասնավորապես նշվում է. «Ջերմորեն ողջունում եմ Համահայկական կրթական 7-րդ   խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին:

Պարբերաբար հրավիրվող այս խորհրդաժողովները կարևոր խթան են սփյուռքում կրթական գործի կազմակերպման, կատարելագործման և զարգացման համար: Եթե նախկինում խոսում էինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման մասին, ապա այսօր գործ ունենք համատեղ ի րականցվող լուրջ ծրագրերի  հետ: Այս ծրագրերի թարմացումը, արդիականացումը պետք  է համահունչ լինեն նորագույն պահանջներին և մեր բարդ ժամանակաշրջանում արագ փոփոխվող մարտահրավերներին: Նոր ժամանակները բերում են ոչ միայն նոր խնդիրներ, այլև բացում են նոր տեխնիկական և կազմակերպական հնարավորություններ, որոնք պետք է լիարժեք օգտագործվեն համայն հայության առջև ծագած խնդիրների լուծման գործում:

Ուսումնամեթոդական աջակցության, կրթական  չափորոշիչների, արտերկրում հայագիտական ամբիոնների գործունեության հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համակողմ անիորեն և ստանան լուծումներ: Հայաստանի Հանրապետության աջակցությունը բոլոր դեպքերում պետք է լինի առավել առարկայական և նպատակային: Խորհրդաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ հանուն հայապահպանության շնորհակալ և նվիրական գործի»:

Խորհրդաժողովի աշխատանքները կամփոփվեն օգոստոսի 5-ին՝ Աղվերանում:

Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը: Խորհրդաժողովների կարևոր ձեռքբերումներից է նրանց կառուցողական բնույթը:

 

 

Placeholder
Մեկնարկել է Համահայկական կրթական 7-րդ խորհրդաժողովը