Զարմանում եմ պարոն Մկրտչյանի այդ հայտարարության վրա. Անահիտ Բախշյան
Կրթություն, գիտություն
15:43 31/08/2016

Զարմանում եմ պարոն Մկրտչյանի այդ հայտարարության վրա. Անահիտ Բախշյան

«Դպրոցին ինչ ուսումնական պլան տալիս ես, դա է կատարում դպրոցը, ինչ ճնշում: Պարոն Մկրտչյանը չգիտես՝ ինչու մեղքը գցել է դպրոցի վրա, իբր թե ճնշում են», -այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Անահիտ Բախշյանը՝ մեկնաբանելով ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հայտարարությունը:

Նշենք, որ նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ հայտարարել էր, որ թե անհայտ է, թե ինչ պատճառներով է այս կամ այն առարկան հայտնվել դպրոցական դասացուցակում:

«Հանրակթության համակարգում վերջին տարիներին բավականաչափ փոխվել ու այսօր էլ շարունակվում են փոխվել կրթական չափորոշիչները: Այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված և ստեղծվել է մի վիճակ, երբ մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում: Այս իմաստով դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ամեն առարկայի թիկունքում կանգնած է այս կամ այն հզոր ուժը՝ միջազգային կառույցներ, պետություն, եկեղեցի: Բայց մենք պետք է հասկանանք, որ չափորոշիչների հանրագումարը չի կարող  գերազանցել աշակերտի շաբաթական թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալը», -հայտարարել էր Մկրտչյանը:

Բախշյանը հավելեց, որ ոչ մի միջազգային կառույց ոչ մի կազմակերպություն առանց պետության չի կարող քայլեր անել: «Իրա գլխու ոչ մեկ նման բան չի անի, զարմանում եմ պարոն Մկրտչյանի այդ հայտարարության վրա», -նկատեց տիկին Բախշյանը:

Ասուլիսին ներկա ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, ով նախկինում դպրոցի տնօրեն է եղել, նկատեց, որ դպրոցներն ունեն հնարավորություն ընտրելու դասաժամեր և ելնելով ծնողի, համայնքի ցանկություններից ու նաև կարիքներից, ընտրում են տվյալ առարկան:

«Ոչ մի միջազգային կառույց չի կարող դպրոցին պարտադրել առարկա, որը վտանգում է մեր ազգային անվտանգությանը: Մենք ուրիշ առաջարկ ունենք պարոն Մկրտչյանին, թող այդ դպրոցական բաղադրիչի դասաժամերն ավելացնեն, ավելի շատ ժամաքանակով տրվի, որովհետև այսօր նախասիրությունները շատ բազմազան են», -իր հերթին նկատեց Ռուզան Մուրադյանը:

Placeholder
Զարմանում եմ պարոն Մկրտչյանի այդ հայտարարության վրա. Անահիտ Բախշյան