Ագրարային համալսարանը 936 առաջին կուրսեցի ունի
Կրթություն, գիտություն
15:41 01/09/2016
Հայաստան

Ագրարային համալսարանը 936 առաջին կուրսեցի ունի

31 մասնագիտությունների գծով 936 ուսանող: Այսպիսին է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այս՝ 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքը:
Համալսարան ընդ 86-րդ անգամ իր հյուրընկալ դռներն է բացում առաջին կուրսեցիների առաջ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ հանրապետության ագրարային ոլորտի համար կադրեր պատրաստող միակ բուհն է:

«Դուք կատարել եք ճիշտ ընտրություն: Համալսարանում այսօր առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ պահանջված չափանիշներին համապատասխան լսարաններ ու լաբորատորիաներ, հարուստ գրադարան, նաև ամենակարևորը՝ բարձրորակ մասնագետներ: Ձեզ մնում է միայն սովորել, կուտակել գիտելիքների հարուստ պաշար, որպեսզի կարողանաք օգտվել Ձեր առջև բացվող լայն հնարավորություններից»,- առաջին կուրսեցիներին դիմելով՝ ասել է համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ՝ ուսումնական տարվա շեմին անչափ ուրախալի լուր են ստացել  Գերմանիայի Դաշնությունից. համալսարանի «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը ստացավ միջազգային հավատարմագրում:

«Երկու տարի տևած գործընթացը համալսարանը փայլուն եզրափակեց, և շուտով հավատարմագրման հավաստագիրը բուհին կշնորհվի հանդիսավոր պայմաններում: Շատ կարևոր է այն հանգամանքը, որ դուք, այսօր արդեն դառնալով ուսանող, ունեք ապահովագրված աշխատատեղ, քանի որ ագրարային ոլորտը հանրապետության տնտեսության այն բնագավառն է, որը բանիմաց մասնագետների կարիք ունի»,-ասել է ռեկտորը:

Իսկ առաջին կուրսեցիների անունից երախտագիտության խոսք է ասել Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ բարձր միավորներով ընդունված Քրիստինե Ալոյանը, ում համալսարանի ավարտական կուրսի ուսանողները հանձնել են ուսանողական տոմս ու ստուգման գրքույկ՝ խորհրդանշելով նոր հերթափոխի մեկնարկը:

Placeholder
Ագրարային համալսարանը 936 առաջին կուրսեցի ունի