«Ամենայուրօրինակ դասարանն ունեմ». այգեպարցի երկվորյակների դասվար
Կրթություն, գիտություն
18:27 01/09/2016
Հայաստան

«Ամենայուրօրինակ դասարանն ունեմ». այգեպարցի երկվորյակների դասվար

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի դպրոցում առաջին զանգը հնչել է երկու առաջին դասարանցիների՝ երկվորյակ եղբայրների համար:

«Ամենայուրօրինակ դասարանն ունեմ: Արշակն ու Արտակ շատ լավ երեխաներ են, աշխույժ, ուրախ, նրանց դեռ մանկապարտեզից գիտեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց երեխաների դասվար Վալյա Ապրեսյանը:

Դասվարը պատմեց, որ իր համար ևս փոքր-ինչ անսովոր է դասասենյակում աշխատել երկու աշակերտի հետ, քանի որ սրանից առաջ իր դասարաններում 11, 9, 8 աշակարտ է եղել. «Հաճելի, նաև հուզիչ էր, երբ դպրոցի բակում կանգնած այս փոքրիկների նույն ոգևորությունը տեսա նաև դասասենյակում: Դասը սկսեցինք զրույցով ու երբ հարցրեցի, թե իրենց հայրն ինչ է աշխատում երկուսով միանգամից պատասխանեցին «Հայրենիքն է պաշտպանում»»:

Տիկին Ապրեսյանն ասաց, որ երկվորյակիների հայրը` Արման Անիկյանը նույնպես իրենց դպրոցում է սովորել. «Մեր օրինակելի աշակերտներից է եղել, հիմա էլ զինվորական է»:

Արշակի ու Արտակի ուսուցչուհին վստահ է, որ վաղը դասասենյակի դուռը բացելու է և արդեն «Այբբենարանին» ծանոթ եղբայրների նույն՝ սեպտեմբերիմեկյան խանդավառությունն է տեսնելու:

Panorama-ի հետ զրույցում Այգեպարի դպրոցի տնօրեն Արև Արզումանյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ տարի 7 առաջին դասարանցի են ունեցել, նույնքան առաջին դասարացի էլ կունենան եկող ուսումնական տարում:

Placeholder
«Ամենայուրօրինակ դասարանն ունեմ». այգեպարցի երկվորյակների դասվար