Բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ կիրականացվի
Կրթություն, գիտություն
19:51 28/09/2016

Բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ կիրականացվի

Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը նախատեսված է ավարտել 2018 թվականին:

Պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ժամանակին դրա նպատակն է եղել բուհական համակարգը ընթեռնելի, չափելի և գնահատելի լինի:

«Ժամանակն է ամփոփել միջանկյալ արդյունքները, ինչպես նաև քննարկել ծրագրային հավատարմագրման հնարավորությունը»,-ասել է նա:

Լևոն Մկրտչյանը  բուհերին առաջարկել է  արդեն իսկ սկսել մշակել ծրագրային աուդիտին հաջորդող ծրագրային հավատարմագրման ճանապարհային քարտեզը. նախևառաջ հստակեցնել բուհի ռազմավարությունը, հավատարիմ մնալ որդեգրած առաքելությանը:

Լևոն Մկրտչյանը բուհերին հորդորել է ճիշտ գնահատել սեփական ռեսուրսները՝ որպես օգնություն առաջարկելով կլաստերների գաղափարը: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՈԱԱԿ առաջարկը, ըստ որի՝ բուհերի համար ծրագրային հավատարմագրման որոշակի պարտադիր տոկոս պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա համար:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ բուհերի հետ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը  բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա:  Հետևաբար, առաջարկ է ներկայացվել նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն  ծրագրային հավատարմագրմանը:

Հանդիպման ավարտին նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ՈԱԱԿ-ի և բուհերի մշակած ծրագիրը  նախարարություն ներկայացնել` ռեկտորների խորհրդում քննարկելու և   կլաստերային աուդիտի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

 

Placeholder
Բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ կիրականացվի