Իտալացի պրոֆեսորի հիշեցումը. Սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների
Առողջություն
17:44 04/10/2016
Հայաստան

Իտալացի պրոֆեսորի հիշեցումը. Սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների

Հայաստանում սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները տեսնելով  Իտալիայի Տուշայի համալսարանի սննդագիտության և սննդամթերքի անվտանգության պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն պետական կառավարման մարմիններին ու ոլորտի պատասխանատուներին հիշեցնում է. «Սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների և խնդիրների»:

Իտալացի պրոֆեսորը բացատրում է՝ վատ սնուցումը բերում է աշխատունակության անկման, տարբեր հիվանդությունների զարգացման: Մի կողմից հիվանդությունների կառավարումն է պահանջում ֆինանսական ռեսուրսներ, մյուս կողմից՝ եթե մարդը չի աշխատում, ապա դա երկրին բերում է սոցիալական ու տնտեսական վնասներ:

«Շատ ժամանակ, ցավոք սրտի, սննդամթերքի անվտանգությունը ներկայացվում է կոնտեքստից հանված, որպես զուտ հանրային առողջապահության կամ սպառողի իրավունք: Ոլորտը Հայաստանում բարձիթողի վիճակում է գտնվում, ինչը բերում է բազմաթիվ խնդիրներ՝ այդ թվում սոցիալական, տնտեսական»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իտալացի գիտնականը:

Պրոֆեսորն ու Էկոկենտրոնի Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը չորս տարի շարունակ հետազոտություններ են անցկացրել հանքալեռնային արդյունաբերություն ունեցող բնակավայրերում՝ Սյունիքում ու Ախթալայում: Գնահատել են այդ շրջաններում աճեցված սննդամթերքի սպառման արդյունքում առողջական ռիսկերը:

Գիտնականները պարզել են հողում ծանր մետաղների քանակությունը, այդ հողում աճած բանջարեղենում, պտուղներում մետաղների առկայությունը, ինչպես նաև դրանք օգտագործելու դեպքում մարդանց առողջության վրա հնարավոր ազդեցությունը: Ուսումնասիրվել է լայն սպառման 15 բանջարեղեն և պտուղ՝ լոլիկ, պղպեղ, սմբուկ, լոբի և այլն: Հայտնաբերվել են պղնձի, մոլիբդենի, քրոմի մեծ քանակություն դրանց մեջ:

«Անգամ մարդու օրգանիզմի նյութափոխանակության համար անհրաժեշտ տարրերը, եթե մենք ընդունում ենք չափից մեծ քանակությամբ, կարող է հանրային առողջապահության տեսակետից լուրջ խնդիրներ ներկայացնել: Հետազոտության ընթացքում որոշ սննդատեսակներում հայտնաբերվել են ծանր մետաղների խիստ բարձր պարունակություն: Հետևաբար հանրային առողջապահության տեսակետից դա բավականին վտանգավոր է»,-ասաց իտալացի պրոֆեսորը:

Պարզվել է, որ նույն աղտոտված շրջանում աճեցված երկու տարբեր բանջարեղեններ տարբեր չափով են ծանր մետաղներ պարունակում: Այդ մթերքի  շատ կամ քիչ սպառումից է կախված մարդու առողջության վրա ազդեցությունը: Օրինակ՝ ռեհանը, սամիթն առավել շատ են կլանում ծանր մետաղները, սակայն մարդիկ ավելի մեծ քանակությամբ լոբի ու կարտոֆիլ են սպառում:

«Գնահատել ենք ոչ միայն ընդհանուր մետաղական ռիսկը, այլև առանձին-առանձին՝ ըստ էլեմենտների: Առողջապահության տեսանկյունից դրանց վտանգները տարբեր են, մեկը կարող է լինել ուռուցքածին, մյուսը՝ նեորոտոքսիկ»,-արդյունքները մանրամասնեց Դավիթ Պիպոյանը:
Գիտանականները հետազոտության ընթացքում տեսել են ՝ մարդիկ պոչամբարների հարևանությամբ պտուղներ են աճեցնում, հավաքում ու շուկայում վաճառում:

«Այստեղ շատ կարևոր է այն, որ դրանցից պահածոներ են պատրաստվում: Պատկերացրեք, 3 լիտրանոց բանկան բացում են ու 5-6 հոգանոց ընտանիքը մեծ քանակությամբ ծանր մետաղների քանակություն է ընդունում օրգանիզմ»,-բացատրեց նա:

Իտալացի պրոֆեսորը հիշեցնում է, որ իրենք որպես գիտնական հետազոտել ու վերհանել են խնդիրները, տպագրել են միջազգային գիտական պարբերականներում: Խնդիրների  լուծման լիազորություններ չունեն,  անելիք ունեն պետական մարմինները:

Հարցրեցինք՝ Իտալիայում թույլ կտա՞ն պոչամբարի հարևանությամբ պտուղներ ու բանջարեղեներ աճեցնել, ապա դրանք վաճառել:

«Իտալիայում խնդիրն ամբողջությամբ կարգավորվում է  օրենսդրությամբ: Ընդ որում, նույն խնդրի մասին երկու օրենք  կա՝ շրջակա միջավայրի պաշտպանության ու սննդամթերքի անվտանգության մասին: Պետական վերահսկողությունը երկու բնագավառում էլ խիստ է: Սննդի անվտանգության խնդիրներն Իտալիայում կարգավորվում են ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխաբատվությամբ»,-ասաց Նիկոլո Մերենդինոն:

Պորֆեսորը նաև նշեց, որ լեռնահանքարդյունաբերության ծավալներն Իտալիայում կրճատվում են: Պատճառների մասին խոսելիս գիտնականն անկեղծ խոստովանեց. «Ցավում եմ, որ այս բառերը պետք է օգտագործեմ: Հաշվի առնելով, որ դրանով պայմանավորված են ոչ միայն սննդամթերքի անվտանգության խնդիրները, այլև մարդկանց շահագործումը՝ նրանց առողջության հաշվին, նման ծավալներով շարունակելն անհնար է դարձել:

Նման ծավալներով արտադրության համար անհրաժեշտ են գերբարձր վճարներ, ինչը Իտալիային ձեռնտու չէ: Կան երկրներ, որոնք կարող են և վնասել շրջակա միջավայրը, և մարդկանց շահագործել, կներեք, որ այդ բառն օգտագործում եմ: Մենք էլ որպես պետություն նախընտրում ենք գնել արտադրանքն այն երկրներից, որոնք շահագործման արդյունքում առաջարկում են ցածր գին»:

Նշենք, որ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը խորացնում է միջազգային համագործակցությունը սննդի անվտանգության բնագավառում: ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համատեղ ամբիոնն ընդգրկվել է Եվրոպական Երասմուս + ծրագրում որպես շահառու, և ծրագրի շրջանակում այսօր պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն  այցելել էր Կենտրոն, որտեղ հանդես եկավ սննդով պայմանավորված օքսիդատիվ սթրեսների և հակաօքսիդանտների վերաբերյալ դասախոսությունով:

Էկոկենտրոնը՝ սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման բնագավառում Իտալիայի հետ համագործակցությունը սկսել է դեռևս 2011թ.-ից, պրոֆ. Նիկոլո Մերենդինոն այս անգամ անդրադառնալու է շատ կարևոր խնդրի, քանի որ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում առկա է մետաղների պարունակություններով պայմանավորված օքսիդատիվ սթրեսների պոտենցիալ վտանգ:

Placeholder