Ուսուցիչ-աշակերտ-ծնող եռամիասնությունը շատ կարևոր է. մասնագետ
Կրթություն, գիտություն
13:04 05/10/2016
Հայաստան

Ուսուցիչ-աշակերտ-ծնող եռամիասնությունը շատ կարևոր է. մասնագետ

Կան մարդկային որակական հատկանիշներ, առանց որոնց անհնարին է պատկերացնել ուսուցչի մասնագիտությունը, թերևս միայն կրթությունը բավական չէ գործնականում այդ աշխատանքը համակարգելու համար»,-այսօր՝ Ուսուցչի տոնի առթիվ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ մանկավարժության ամբիոնի մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արևիկ Ղազարյանը:

Ըստ նրա՝ ամեն մի ժամանակաշրջան իր կնիքն է թողնում ցանկացած ոլորտի վրա, այդ թվում նաև ուսուցչի մասնագիտական դաշտում. «Կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք ուսուցիչը պարտավոր է հաղթահարել իր գործունեության ընթացքում: Ամենամարդկային մասնագիտությունն է, որը խորին հարգանք ու ակնածանք պետք ձևավորի ինչպես հասարակության, այնպես էլ յուրաքանչյուր մարդու համար»:

Ինչ վերաբերում է ուսուցչի նկատմամբ պատկերացումների փոփոխություններին խորհրդային տարիներից հետո, Արևիկ Ղազարյանն ասաց. «Ցանկացած զարգացում իր հետ բերում է անհրաժեշտ բոլոր որակական այն փոփոխությունները, որոնցից ձեռնպահ մնալ անհնար է: Տեղեկատվական տեխնոլոգիաները մի տեսակ այն շղարշը վերացրել են, թե ուսուցիչը չի ուտում, չի խմում և այլն: Սակայն այսօր էլ, ինչպես այդ տարիներին, ուսուցիչը կրում է երեք հիմնարար  հատկանիշները՝ մասնագիտական, մարդկային և կազմակերպչական: Ցանկալի է, որ այս երեքի մեջ ներդաշնակություն լինի»:

Մասնագետը կարևորեց նաև ուսուցիչ-աշակերտ-ծնող եռամիասնությունը:

Ինչ վերաբերում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերին,  ԵՊՀ մանկավարժության ամբիոնի աշխատակիցը նշեց, որ խնդիրը ցավոտ է. «Կարծում եմ ինչ որ տեղ ասեկոսեները գերազանցված ու չափազանցված են: Իրավական առումով ասում են՝ մեղավոր է ոչ միայն վերցնողը, այլ նաև առաջարկողը: Պետք է ստեղծվի այնպիսի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, որ երկուստեք դրա անհրաժեշտությունը չառաջանա: Անխոս, ուսուցիչը պետք է մնա միշտ իր բարձունիք վրա»:

Placeholder
Ուսուցիչ-աշակերտ-ծնող եռամիասնությունը շատ կարևոր է. մասնագետ