ՀԿ նախագահ. Սպառողը ստիպված է ընտրություն կատարել վատ  ու ավելի վատ սննդամթերքի միջև
Առողջություն
15:12 13/10/2016
Հայաստան

ՀԿ նախագահ. Սպառողը ստիպված է ընտրություն կատարել վատ ու ավելի վատ սննդամթերքի միջև

Տեղական արտադրության 7 կաթնաշոռներում աղիքային ցուպիկի առկայության, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի  քանակի մասին «Հետք»-ի հրապարակումից հետո որքան էլ տարօրինակ է, բայց առողջապահության նախարարությունը որևէ պարզաբանում չարեց, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել նման սննդի օգտագործումը: Որևէ կոչ չարեց՝ շարունակել օգտագործել նման սննդամթերքը, թե ձեռնպահ մնալ:

Մինչդեռ աղիքային ցուպիկի հետևանքով Արմավիրի մարզի մանկապարտեզներում երեխաների մասայական թունավորման դեպքերի հիշողությունները դեռ թարմ են: Պարզվում է՝ դասեր չեն քաղվել:

Եվ ինչը շատ ավելի տարօրինակ է դարձնում իրավիճակը՝  չարձագանքեցին նաև կաթնաշոռ արտադրող ընկերությունները:

Հրապարակումից մեկ օր անց սննդամթերքի անվտանգության վերահսկողություն իրականացնելուն կոչված պետական մարմինը տարածեց հայտարարություն, որով խոստացավ. «Կաթնաշոռերի անվտանգությունը պարզելու նպատակով` Ծառայությունը կիրականացնի անհրաժեշտ գործողություններ և հանրությանը կտեղեկացնի արդյունքների մասին»:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական  մարմինները ձեռքները լվացել, մի կողմ են քաշվել: Արդյունքում սպառողը հայտնվել է մի իրավիճակում, երբ չգիտի ի՞նչ ուտի, որ քիչ վնաս պատճառի օրգանիզմին: Անվտանգ սնունդ գտնելը կարծես անհնարին բան է դարձել:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում հասարակական սեկտորի նախաձեռնությամբ տարբեր սննդամթերքներում հայտնաբերվել են աղմկահարույց խախտումներ:

«Ամեն նման բացահայտումից հետո լիազոր մարմնի ներկայացուցիչները հայտարարում են, որ խնդիրն իրենց հուզել է, ստուգում կիրականացնեն: Թե ինչ է  տեղի ունենում այդ հայտարարություններից հետո՝ միայն իրենք գիտեն»,-Panorama.am-ին ասաց ՀԿ նախագահը, ասածը հիմնավորելով նույն «Հետք»-ի կողմից հացամթերքի,  նրբերշիկի մասին հրապարակումներին հաջորդած «արձագանքներով»:

Պիպոյանը նաև չի հիշում մի դեպք, երբ սննդամթերք արտադրող տնտեսվարողը մտնի դատարան,  ապացուցի, որ իր արտադրած սննդամթերքը համապատասխանում է սահմանված նորմաներին:

«Ընկերությունները հասկանում են, որ իրենց ծանրակշիռ մեղադրանք է ներկայացված: Կամ պետք է մտնեն դատարան, կամ հայտարարեն՝ մեր ապրանքը լավն է: Բայց ո՞վ է հավատալու հայտարարությանը: Ըստ էության, նրանք ընդունում են մեղքը, սակայն  ինձ՝ որպես սպառող հետաքրքիր չէ նրանց մեղք ընդունել կամ չընդունելը»,-նշեց նա:

ՀԿ նախագահի խոսքով, պետական վերահսկողության բացակայությունը հեշտացնում է տնտեսվարողի գործը:

«Տնտեսվարողն ասում է, եթե արտադրանքը վատն է, ի՞նչի պետությունը չեկավ ստուգում իրականացնելու»,-ասաց նա:

Սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը ստանձնած կազմակերպության՝ նախկինում իրացման ցանցերում արած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  հրապարակումներից ու հանրային իրազեկումից հետո  սխալ մակնշված պաղպաղակի վաճառքի ծավալները նվազել են:

«Մենք լուրջ խնդիր ունենք: Սպառողն իրական այլընտրանք չունի, ստիպված առնում է այն, ինչ կա: Իմանալով հանդերձ, որ խնդիրը կա, պետք է մեկից օգտվի: Օրինակ, կաթնաշոռի գրեթե ողջ տեսականին ստուգվել է, որն էլ չի ստուգվել, չի նշանակում, որ  լավն է: 7 նմուշ է ստուգվել, 7-ն էլ վատն են: Հիմա սպառողը ի՞նչ անի, ստիպված է ընտրություն կատարել վատի ու ավելի վատի միջև»,-ընդգծեց նա:

Placeholder
ՀԿ նախագահ. Սպառողը ստիպված է ընտրություն կատարել վատ ու ավելի վատ սննդամթերքի միջև