Նախատեսվում է քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, կազմակերպումն ու ղեկավարումը
Տնտեսություն
19:06 18/10/2016
Հայաստան

Նախատեսվում է քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, կազմակերպումն ու ղեկավարումը

Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը  վերաբերում է ֆինանսական բուրգերին և դրանց կարգավորմանը։

Հիմնական զեկուցող ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը հանգեցրել է հասարակական լայն շերտեր ներգրավելու պոտենցիալ ունեցող ֆինանսական բուրգերի աշխուժացմանը: Ֆինանսական բուրգը, ինչպես անունն է հուշում, ունի հիերարխիկ կառուցվածք, որը նախաձեռնվում է որոշակի անձանց կողմից, ովքեր որոշակի եկամտի ստացման ակնկալիքով անդամագրում են հնարավորինս մեծ թվով ներդրողների:

Ըստ Ներսես Երիցյանի, ֆինանսական բուրգերի առանձնահատկությունն  այն է, որ ներդրողների համար ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի, այսինքն՝ անդամագրվածները  հաջողությամբ ստանում են եկամուտներ՝ շահագրգռվելով ներգրավել նոր անդամներ:

«Այնուհետև ֆինանսական բուրգը ձնագնդիի էֆեկտով տարածվելով  հասնում է մի փուլի, երբ գործնականում անհնար է ներգրավվել նոր անդամներ, իսկ այդ ներգրավված անդամներն ու կատարված անդամավճարները պատկառելի թիվ են կազմում: Արդյունքում, օգտվելով զոհերի թե դյուրահավատությունից, թե կարճ ժամանակահատվածում մեծ գումարներ վաստակելու հեռանկարների գրավչությունից, բուրգի ամենավերևում կանգնածները ստանում են գերշահույթներ, իսկ ներքևի օղակները չեն հասցնում անգամ հետ բերել իրենց ներդրված գումարը՝ բուրգի անխուսափելի փլուզման պատճառով»,- նշեց ԿԲ նախագահի տեղակալը:

Ֆինանսական բուրգերի գործունեությունը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ, ինչպիսիք են` իրական հատվածին հասցված վնաս. մասնակիցների ֆինանսական միջոցների կորուստը հանգեցնում է տվյալ երկրում բնակչության սպառողական պոտենցիալի և խնայողությունների (հետևաբար` նաև ներդրումային պոտենցիալի) կրճատմանը: Առավել հաճախ բուրգերի կազմակերպիչները հավաքագրված գումարները ծախսում կամ ներդնում են այլ երկրներում` հետագայում հնարավոր իրավական հետևանքներից խուսափելու համար:

Արդյունքում` ֆինանսական բուրգերի միջոցով հավաքագրված գումարները, որոնք երբեմն հասնում են հսկայական ծավալների, ուղղակիորեն նվազեցնում են տվյալ երկրի ՀՆԱ-ն:
Ֆինանսական համակարգին հասցված վնասի մասով ֆինանսական բուրգերը կարող են բացասական ազդեցություն թողնել երկու ձևով: Նախ՝ այդ բուրգերի միջոցով հավաքագրվում են բնակչության խնայողությունները, որոնք այլ դեպքում կներդրվեին ֆինանսական համակարգում ավանդների, արժեթղթային ներդրումների կամ այլ ձևով: Երկրորդ` ֆինանսական բուրգերի կազմակերպիչները երբեմն դիտավորյալ հեղինակազրկում են ֆինանսական համակարգը` իրենց սխեման եկամտաբերության և այլ պայմանների իմաստով ներկայացնելով որպես առավել նախընտրելի այլընտրանք բանկերի, ներդրումային կազմակերպությունների կամ այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ:

Ներսես Երիցյանը հայտնեց, որ ներկայումս ՀՀ օրենսդրությամբ ֆինանսական բուրգերի գործունեության որևէ արգելք նախատեսված չէ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում տնտեսական գործունեության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների տեսանկյունից:

Այսպիսով,  օրինագծով առաջարկվում է քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, դրա կազմակերպումը, այն ղեկավարելը: Ընդ որում` այդ արարքները կարող են իրականացվել թե ամբողջ բուրգի, թե  դրա մի մասի առնչությամբ: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվի առնելով ֆինանսական բուրգերի տեսակների բազմազանությունը` դրանց որոշ տեսակներ էլ կարող են ունենալ առանձնացված վնասեր, որոնք նույնպես կարող են ունենալ ստեղծողներ ու կազմակերպիչներ և ղեկավարողներ:


 

Placeholder
Նախատեսվում է քրեականացնել ֆինանսական բուրգի ստեղծումը, կազմակերպումն ու ղեկավարումը