Լավագույն աշակերտներն ու ուսանողները ՏՏ ոլորտում
Կրթություն, գիտություն
16:38 19/10/2016
Հայաստան

Լավագույն աշակերտներն ու ուսանողները ՏՏ ոլորտում

«Իմ ապագան տեսնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի արժանացած Արման Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Նախագահի կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արման Հովհաննիսյանն արդեն սովորում է Ամերիկյան համալսարանում, մրցույթին մասնակցել է, երբ սովորել է ՀՊՃՀ-ի Երևանի ավագ դպրոցում:

«Անակնկալ էր, չէի սպասում, որ կարժանանամ նման մրցանակի: Այս ամենը սկսվեց Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ծրագրավորման և ռոբոտատեխնիկայի խմբակից, որտեղ սովորելու ժամանակ մասնակցեցի տարբեր օլիմպիադաների, գիտական կոնֆերանսների: Ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ հաջողությունների»,- ասաց Արման Հովհաննիսյանը:

«Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի է արժանացել նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտ Արտակ Նշանյանը: Նրա համար այս մրցանակն անակնկալ չէր:

«Ընտրությունը կատարվել է մի քանի փուլերով և այդ բոլոր փուլերն անցնելուց հետո արդեն պարզ էր, որ հաղթելու եմ: Ընտրել եմ ծրագրավորողի մասնագիտությունը և այդ ոլորտում եմ ուզում կայանալ»,- նշեց Արտակ Նշանյանը:  Նրա խոսքերով՝  այս մրցանակն առաջին քայլն է դեպի բարձրունքներ։

Գյոմրու Ֆոտոն վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աննա Մկրտչյանը նույնպես ստացել է ՀՀ Նախագահի մրցանակը` որպես լավագույն աշակերտ:

«Հուզված եմ, նաև հպարտություն եմ զգում, որ գնահատում են լավ սովորող աշակերտներին: Ուզում եմ բժիշկ դառնալ: Իմ նպատակն է բժշկության ոլորտում զարգացնել ՏՏ ոլորտը»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը:

Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Փիլիպոսյանը մրցանակի է արժանացել «Լավագույն բակալավր» անվանակարգում: «Այս մրցանակը նաև պարտավորեցնող է և հետագայում կօգնի ավելի մեծ հաջողությունների հասնեմ»,- ընդգծեց Գոռ Փիլիպոսյանը:

Նա նաև նշեց, որ  իր նպատակն է կրթությունը շարունակել «Սինոփսիս» ընկերությունում և մասնագիտանալ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: «ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մեծ պոտենցիալ, եթե ներդրումներ լինեն, ապա ոլորտում լուրջ հաջողություններ կգրանցվեն», ասաց նա:

«Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում մրցանակի է արժանացել սիրիահայ Գորյուն Սողոմոնյանը:  Նա սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:

«Սովորելու նպատակով եկա Հայաստան, իսկ ծնողներս այդ ժամանակ մնացին  Սիրիայում: Սովորելու տարիներին հայրս հիվանդությունից մահացավ, դրանից հետո մայրիկիս բերեցի Հայաստան: Ես ապրելու եմ հայրենիքում և այստեղ էլ փորձելու եմ հասնել իմ նպատակներին: Արդեն աշխատում եմ և իմ  ապագան կապում եմ միմիայն Հայաստանի հետ»,- ասաց սիրիահայ ուսանողը:

Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգևին են արժանացել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ) և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ) համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» հատուկ դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Այբ» ավագ դպրոցի աշակերտները:

Placeholder
Լավագույն աշակերտներն ու ուսանողները ՏՏ ոլորտում