«Մենք ամեն ինչ էլ կարող ենք մշակել» . Արցախցին «Արմպրոդէքսպո»-ում
Տնտեսություն
15:21 21/10/2016
Հայաստան

«Մենք ամեն ինչ էլ կարող ենք մշակել» . Արցախցին «Արմպրոդէքսպո»-ում

Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, և հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններն ու ֆերմերային խմբերը, որոնք ամբողջ տարվա ընթացքում բերք ու բարիք են արարել, այսօր «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացրել են իրենց աշխատանքի պտուղները:

Ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսին  այս տարի մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն: Ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրատեսականին` մսամթերք, կաթնամթերք, ոգելից խմիչք, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, հրուշակեղեն, չոր մրգեր և գյուղատնտեսական այլ ծառայություններ:

Ցուցահանդեսային համալիրի բակում էլ բացօթյա առանձին տաղավարներով մասնակցում են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:

«Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես պետք է  գյուղացիներն անեն, որ եղանակային պայմանները հնարավորինս  քիչ ազդեն բերքատվության վրա, և տարվա ընթացքում հնարավորինս քիչ տուժեն:

«Պետք է բոլոր ագրոտեխնիկական միջոցառումներն իրականացնել ճիշտ ժամանակին՝ սերմը պետք է լինի լավ որակով, մեխանիզացիան պետք է լինի բարձրակարգ, մշակումը պետք է լինի բարձրակարգ, հողերի պարարտացումը շատ կարևոր է, բույսի բուժումը նույնպես: Բայց որ չես անում, բնությունն էլ իր վնասն է հասցնում, բնականաբար, գյուղացին էլ հայտնվում է ծանր վիճակում»,- ասաց նա:

Իգնատի Առաքելյանի խոսքերով՝  գյուղատնտեսության զարգացման համար հարկավոր , որ նոր այգիներ հիմնեն, նոր ջերմոցներ կառուցեն, ինչպես նաև պետք է  ներդրումներն ավելացնեն ոլորտում:

«Պետք է այն դարձնել ինդուստրիալ, այսինքն՝ բերել գործարարներ, որոնք պատրաստ են խոշոր հողատարածքներ մշակել, զարգացնել։ Որքան բարձրանա գյուղմթերքի արտադրման արժեքը, այնքան մենք կկարողանանք պետության կողմից սուբսիդավորել թույլ կամ զարգացող ճյուղերը: Եթե չենք կարողանում տալ նոր արտադրանք, ապա չենք կարողանում ավելացնել սուբսիդավորման ծավալները»,- ասաց նա:

Ըստ Իգնատի Առաքելյանի՝ կան գործարարներ, որոնք պատրաստ են նման ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում: Նա նաև նշեց, որ հիմա մարզպետների հետ աշխատում են նրա վրա, որ ամեն մարզպետարան ներկայացնի իր մարզում չմշակվող հողերի ծավալը ու պոտենցիալը, թե որ ուղղությամբ կարելի է ներդրում անել:

«Դրան կտանք բիզնես-պրոյեկտի տեսք՝ իր հաշվարկներով և  կգտնենք  ներդրողներ, որոնք փաստացի կտեսնեն, թե ինչ են անելու Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև տարեվերջ բոլոր մարզերը գոնե մեկ ծրագիր պետք է ներկայացնեն:

«Արմպրոդէքսպո-2016» ցուցահանդեսում առանձին տաղավարով մասնակցում է նաև Արցախը: Տաղավարում ներկայացված է հանրապետությունում արտադրված գյուղմթերքների և սննդարդյունաբերության հարուստ տեսականին:

Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքի բնակիչ Իննա Բաբայանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս անգամ իրենք ընտրել են ռազմական թեմա:

«Այսինքն՝ եթե պետք է արցախցին զինվոր է, եթե պետք է՝ հողագործ: Տղամարդ, թե կին պատերազմի ժամանակ զենքը ձեռքին է, իսկ խաղաղ ժամանակ արցախցին  ամեն օր դժվարություններ հաղթահարելով հող է մշակում», -ասաց Իննա Բաբայանը: 

Նա ներկայացնելով իրենց տաղավարը՝ առանձնացրեց արևադարձային կիվանոն, որն  աճում է միայն Քաշաթաղում:

«Մենք ամեն ինչ էլ կարող ենք մշակել, նույնիսկ արևադարձային մրգերն են մեզ մոտ աճում: Մենք ուժեղ ենք մեր հողում և շարունակելու ենք ապրել ու շենացնել մեր Արցախը: Արցախցուն կոտրել թշնամին չի կարող»,- նշեց նա:

Իննա Բաբայանի խոսքերով՝  Արցախում գյուղատնտեսությունը տարեցտարի զարգանում է, իսկ ամենակարևորն այն է, որ այնտեղ հիմնականում արտադրում են  առանց հավելումների օրգանիկ մթերք:

Placeholder