Արցախում վիրավորված Հայկ Համբարձումյանը սկսել է քայլել
Տարածաշրջան
12:31 25/10/2016
Հայաստան

Արցախում վիրավորված Հայկ Համբարձումյանը սկսել է քայլել

Հոկտեմբերի 7-ին Արցախում ծանր վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակը համեմատաբար լավ է, արդեն սկսել է քայլել: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկի մորեղբայրը՝ Ռաֆիկ Զարոյանը,  առաջիկա օրերին Հայկին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ:

«Ինքնուրույն կարողացել է նստել, քայլել, նախատեսվում էր, որ երկրորդ անգամ կվիրահատեն, սակայն բժիշկները գտնում են, որ արդեն դրա կարիքը չկա»,- նշեց զինվորի մորեղբայրը՝ հավելելով, որ Հայկը դեռ ջերմություն ունի, օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակում  կա, որը դեղորայքի միջոցով աստիճանաբար կներծծվի:

«Փոքր քայլերով առաջ ենք գնում, փառք Աստծո, որ Հայկն այսօր մեր կողքին է: Նա շրջապատված է ոչ միայն հարազատների, նաև բժիշկների հոգատարությամբ: Նույնիսկ Արցախում Հայկին վիրահատած բժիշկը՝ Սամվել Գևորգյանն է այցելել հոսպիտալ, հետաքրքրվել Հայկի առողջական վիճակով, բուժման ընթացքով»,- ասաց Ռաֆիկ Զարոյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից:  Վնասվել էին նրա թոքը, լյարդը: Ստեփանակերտում որովայնի և կրծքավանդակի վիրահատության ենթարկվելուց հետո հոկտեմբերի 10-ին Հայկն ուղղաթիռով  տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Նշենք, որ Հայկն ապրիլյան  պատերազմի ժամանակ եղել է առաջին գծում, հունվարին  պետք է ավարտեր ծառայությունը: 

Placeholder