Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պաշտոնյաներն իրենց գիտական աշխատանքները գրել են տալիս, այդ գրողներն էլ երևի վախից լավ են գրում». Լ. Արզումանյան
«Պաշտոնյաները ցանկանում են դոկտորական աստիճան ստանալ, քանի որ ամեն ինչ ունենալու մոլուցք ունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների գիտական աստիճան ստանալուն:
Նրա խոսքով՝ սա հիվանդ հասարակության արդյունք է. «Միայն գիտությամբ զբաղվողը կարող է գիտական աստիճանի վկայական ունենալ, այլ տարբերակն արդեն նորմալ չէ»:
Լրագրողները ԲՈՀ նախագահից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է ստացվել Սյունիքի նախկին մարզպետի դոկտորի կոչում ունենալը, որի մասին հենց ինքն էր հայտարարել, Լիլիթ Արզումանյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանը դոկտոր չէ, նրա հարցով հոգնեցինք, նա դոկտոր չէ, մի անկապ թուղթ ուներ: Նա մեզ մոտ չի պաշտպանել»:
Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ համալսարանից լրագրողներին դուրս հանելուն և գաղտնի պաշտպանություն անցկացնելուն՝ մասնագետն ասաց, որ իրենք չեն փակել և անգամ տեղյակ չեն եղել, որ պաշտպանությունը փակ է լինելու:
«Պաշտոնյաներն իրենց գիտական աշխատանքներն արտագրում կամ պատվիրում են, սակայն այստեղ ես մեղադրում եմ նաև գիտնականներին, որ իրենք խելքը վաճառում են: Ցավոք սրտի, մեր ամենակարող պաշտոնյաները գրել են տալիս, այդ գրողներն էլ երևի վախից լավ են գրում: Բայց ես այն կարծիքին եմ, որ նորմալ գիտնականը խելքը չի ծախի անկապ մարդու, իսկ հասարակությունը նմաններին չպետք է ընդունի»,-հավելեց ԲՈՀ նախագահը: