«Ուզում եմ կարգին մարդ լինել կամավոր, ոչ թե պարտադիր՝ ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ շանսը». Ռ. Բաբայան
Մշակույթ
13:57 16/11/2016
Հայաստան

«Ուզում եմ կարգին մարդ լինել կամավոր, ոչ թե պարտադիր՝ ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ շանսը». Ռ. Բաբայան

«Առաջադրվել է մարդասիրական մի գործընթաց՝  առողջական, սոցիալական խնդիրներ առաջանալու դեպքում օգնել բանակում կռվող զինվորին: Հարց է առաջանում՝ մի՞թե այդքան բարոլաքվել է մեր ժողովուրդը, որ չի ցանականում օգնել իր սահմանները, հողը պաշտպանող զինվորին: Հեռու եմ այդ մտքից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ խոսելով մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման նախագծի մասին:

Նրա խոսքով՝ ժողովուրդը մտքով, էությամբ մշտապես եղել է բանակի, զինվորի, սպայի կողքին, հպարտանում է իր նվիրյալ զինվորներով, սպաներով:

«Ժողովորդը դա բանակն է, բանակը դա ժողովուրդն է: Որևէ քննարկում այստեղ չկա: Ուղղակի այն ձևը,  այն տեսակը, որով մատուցվում է այս ամենը, սխալ ունի: Ժողովուրդը կողմ է գաղափարին, դեմ է ձևին: Մենք պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ մի քանի մարդով առաջարկեցինք՝ եկեք սկսել կամավորության սկզբունքով՝ հանրային վերահսկողությամբ: Բացենք դռները, ժողովուրդը վստահի, կտեսնեք՝ ինչ մեծ հաջողություն է ունենալու: Եթե լինի կամավորության սկզբունքով, շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, այսքան լարում չէր լինի լավ բանի շուրջ»,- ասաց Տ.Հեքեքյանը: 

Նա նշեց, որ ժողովրդի զգալի մի հատված ուղղակի չի  վստահում այս գործընթացին, ինչքան էլ ասում են, որ լինելու է թափանցիկ, բաց:

«Չի վստահում: Ո՞վ է մեղավոր: Գուցե ինչ- որ չափով ժողովուրդը, որ արդեն ոչնչի չի հավատում, նույնիսկ գեղեցիկ նախաձեռնությանը: Բայց առյուծի բաժինը իշխանությանն է, որ տասնամյակներ շարունակ ամեն ինչ արեց, որ ինչ-որ բանի հանդեպ ժողովրդի հավատը կորի: Նախ պետք է սկսենք հավատը վերականգնելով, ոչ միայն ուղղակի խոսքով, այլ գործով: Նախ վերացնել անպատժելիության մթնոլորտը ոչ միայն բանակում:  Ժողովուրդն իր բողոքով ցույց է տալիս, որ ընդվզում է անարդարության դեմ, թե չէ բանակը մերն է, պաշտում ենք մեջ զինվորին»,- ասաց Տ.Հեքեքյանը:

Նա նշեց, որ նախ պետք է քննարկվեր այս նախագիծը. «Ժողովրդին զրկում են ինքնուրույն մտածելու կարողությունից»:

Ասուլիսին ներկա Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նույնպես ընդգծեց, որ գաղափարն ընդունելի է: Նա կողմնակից է կամավորության սկզբունքին:

«Նախ պետք է լիներ քննարկում, առաջարկություններ հավաքվեր, ստեղծվեր հանձնաժողով, որը փորձեր մշակել ամենաճիշտ ձևը: «Կամավորություն նշանակում է  վստահություն, երկրի տերը քեզ զգալ: Հաճախակի խոսում ենք այն մասին, որ ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Արդյո՞ք  իշխանությունը վստահում է  ժողովրդին, եթե  խուսափում է կամավորության սկզբունքով այդ հարցը լուծել: Կամավորությունը նաև բարոյական պարտականություն է, երկրի, քաղաքու կարգավիճակ է: Կամավորությունը լավ բան է, հաճույք պետք է ստանալ: Ինչո՞ւ են այդ հաճույքից մեզ զրկում: Ինչո՞ւ են կասկածում, որ մարդիկ այդքան անգիտակից են:

Կարծիք հնչեց խորհրդակցության ժամանակ՝ իսկ եթե չհավաքվի: Այդ ժամանակ փորձեք անցնել ձեր մեթոդին: Բայց եկեք փորձենք՝ ստեղծելով հասարակական վերահսկման բոլոր մեխանիզմները, որպեսզի ամեն մի դրամի, լումայի ճանապարհը երևա, թե ինչ ընտանքիներ են ստանում, ով է վճարում»,- նշեց արվեստագետը՝ նշելով, որ արցախյան պատերազմում հայ ժողովուրդը շահել է հիմնականում կամավորներով:

«Ուզում եմ կարգին մարդ լինել կամավոր, ոչ թե պարտադիր: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ շանսը: Հասարակությունը պարտավոր չէ վստահել իշխանությանը, իշխանությունը պարտավոր է: Եթե չի վստահում իր ժողովրդին, իրավունք չունի լինել այդ հասարակության գլխին»,- ասաց Ռ. Բաբայանը:

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝  նախագծի շուրջ քննարկումները պետք է շուտ սկսվեին: Միաժամանակ նշեց, որ կոնսոլիդացման լավ գաղափար է, գուցե ձևերը պետք է ավելի նուրբ արվեր:

«Կյանքը ցույց է տալիս, որ սփյուռքը միշտ աջակցել է ազգին, բանակին: Սա էլ պետք է կանոնակարգվի: Սփյուռքն էլ պետք է մասնակից լինի ավելի շուտ կամավորականության սկզբունքով:  Գուցե մշակվեն մեխանիզմներ»,- ասաց Կ. Աղամյանը:

Տ. Հեքեքյանը, Ռ. Բաբայանը համոզված են, որ նախագիծն այն տեսքով, ինչ քննարկվում է  Ազգային ժողովում ընդունվելու դեպքում  ժողովրդի և իշխանության միջև անջրպետը կխորանա: Տ. Հեքեքյանի խոսքով՝ այս վեհ գաղափարը կբարոյազրկվի, հետագա նոր ընդվումների առիթ կդառնա, քանի որ ժողովուրդը փնտրում է մի բան, որ ընդվզի:

«Պետք չէ անջրպետը խորացնել: Ցավոք սրտի ընկալվում է, որ հայ հասարակությունը չի ուզում օգնել զինվորներին, զինվորի ընտանիքներին, վիրավորներին: Պետք է կանգ առնել, կրկին բերել քննարկումների դաշտ, իրականացնել կամավոր սկզբունքով»,- ասաց Ռ. Բաբայանը:

Խոսելով պետական գերատեսչություններին, մասնավորապես պաշտպանության նախարարությունը բյուջեից հատկացվող միջոցների մասին, Ռուբեն Բաբայանն ասաց, որ գումարները պետք է օգտագործվեն նպատակային:

«Մարգարետ Թետչերն ասում էր՝ չկա պետական փող, կա հարկատուներից ստացված գումար: Հաճախակի ասում ենք՝ պետական փողն ինչպե՞ս են ծախսել: Պետական փող չկա: Իմ փողն են ծախսում, ես պարտավոր եմ տեր կանգնել իմ փողին»,- նշեց նա:

Placeholder
«Ուզում եմ կարգին մարդ լինել կամավոր, ոչ թե պարտադիր՝ ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ շանսը». Ռ. Բաբայան