Շահեն Շահինյանը վերընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր
Կրթություն, գիտություն
16:53 18/11/2016
Հայաստան

Շահեն Շահինյանը վերընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է վերընտրվել պրոֆեսոր Շահեն Շահինյանը:  Միակ թեկնածուն նա էր, թեև մի ամիս ժամանակ էր տրված՝ հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը ցանկացողները կարող էին հայտ ներկայացնել և մասնակցել այսօր կայացած ընտրությանը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ընտրություններն անցկացվել  են դռնփակ:

Կոնսերվատորիայի լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է 24 հոգուց: Ընտրությանը ներկա են եղել նրանցից 23-ը, բոլորը կողմ են քվեարկել Շ. Շահինյանի թեկնածությունը: Խորհրդի անդամներից մեկը (ուսանող) հյուրախաղերով Գերմանիայում է:

Շահեն Շահինյանը կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում է 2011-ի սեպտեմբերի 3-ից:

Նա Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես նախորդ հինգ տարվա ընթացքում, այնպես էլ առաջիկա հինգ տարում հիմնական աշխատանքն ուղղված է լինելու նրան, որպեսզի  ուսումնական պրոցեսը կազմակերպվի արդյունավետ:

«Բուհում բոլոր պրոցեսները շարունակական են, նույնիսկ այն հարցերում, որոնք մենք հաջողել ենք, շարունակելու ենք աշխատանքները: Ամենակարևորը՝ մենք պետք է այնպես անենք, որ ուսանողները ոչ մի խնդիր չունենան, ուսանողներն իրենց ժամանակն անցկացնեն ամենաարդյունավետ ձևով»,-ասաց ռեկտորը:

Լուսանկարները տրամադրել են Կոնսերվատորիայից: 

 

Placeholder
Շահեն Շահինյանը վերընտրվել է Կոնսերվատորիայի ռեկտոր