Աջակցել երիտասարդ մայրերին՝ կարծրատիպերը կոտրելու և կրծքով կերակրման վերադառնալու համար. Տանյա Ռադոչայ
Առողջություն
13:27 24/11/2016
Հայաստան

Աջակցել երիտասարդ մայրերին՝ կարծրատիպերը կոտրելու և կրծքով կերակրման վերադառնալու համար. Տանյա Ռադոչայ

«Հայաստանում նորածինների միայն 35 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում: Սա բավարար չէ, անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ ցուցանիշը բարձրանալու համար»,- «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքներն ամփոփոխ միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:

Նրա խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ գործատուները պահանջում են, որպեսզի մայրերը վերադառնան աշխատանքի, այլ արմատները գալիս են 1960-70-ական թվականներից, երբ առաջին անգամ ներդրվեց մանկական սնունդի լայն ընտրանին, այդ ժամանակ առաջ եկավ այն  գաղափարը, որ արհեստական կերակրատեսակներն ավելի լավ են երեխաների համար, քան մայրական կաթը:

«Բավականին լուրջ աջակցություն պետք է ցույց տալ երիտասարդ մայրերին, որ կոտրեն այդ կարծատիպերը և վերադառնան կրծքով կերակրմանը»,- նշեց Տանյա Ռադոչայը:

Նա ասաց, որ դեռևս 1980-ականներին արդեն ապացույցները, տվյալները ցույց տվեցին, որ այն երեխաները, որոնց արհեստական սնունդ են տվել, աճի զարգացման բավականին լուրջ խնդիրներ ունեն, նաև ալերգիկ են. «Համարվում է, որ 1960-70-ականներին կատարվածը մարդկության վրա արված մեծագույն փորձն է եղել: Բնական մայրական կաթը  դարեր շարունակ եղել է հիմնական սննդամիջոցը երեխաների համար: Այժմ, ըստ էության, պարզապես պետք է վերադարձ կատարենք բնականին, դարձյալ պետք է խրախուսվի այդ գաղափարը, մարդիկ հասկանան դրա կարևորությունը և անցում կատարեն մայրական կաթին»:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ վերջին 20 տարիներին բավականին լուրջ ջանքեր են գործադրվում այս ուղղությամբ: Նա կարևորեց նաև բուժհիմնարկների հետ տարվող աշխատանքները, որպեսզի հենց բուժաշխատողները խրախուսեն կրծքով կերակրելը: 

«Փոխվում է նաև ռազմավարությունն այն իմաստով, որ փորձում ենք ներգրավել մայրերին՝ որպես կրծքով կերակրման լավագույն ջատագովներ, այս հարցում ամենամեծ փորձագետներ, ովքեր, իրենց փորձից ելնելով, կարող են խորհուրդներ տալ մյուս մայրերին»,- ասաց Տ. Ռադոչայը:

Միջոցառմանը ներկա ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ  վերջին քսան տարիների ընթացքում աստիճանաբար ցուցանիշը բարելավում է, անցյալ տարվա հետազոտության համաձայն Հայաստանում նորածինների 45 տոկոսը կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով է կերակրվում, սակայն շատ լավ գիտեն, որ այդ ցուցանիշը կարող է երկու անգամ ավելի  բարձր լինել:

«Մայրերի 90-95 տոկոսը կարող են իրենց երեխաներին մեծացնել բացառապես կրծքով կերակրելով, միայն 5 տոկոսի դեպքում է, որ կարող են լինել իրական հակացուցումներ»,- ընդգծեց նա:

ԱՆ ներկայացուցչի խոսքով՝ պետք է ամեն ծննդատուն ունենա իր խորհրդատուն, որպես օգնի դժվարություններ ունեցող մայրերին:

«Կարծես, այսօր գնդակը բուժաշխատողների դաշտ է տեղափոխվել, այն իմաստով, որ մայրերը, հասարակական սեկտորն ավելի ակտիվ է այս հարցում, քան բուժաշխատողները, ծննդատները: Գիտենք, որ այնտեղ խանգարողներ կան: Դրանց հարցն էլ կարծես թե լուծվում է: Օրենքն արգելում է մանկական չոր կաթնային խառնուրդների գովազդը:  Պետք է մոնիտորինգ արվի, բացահայտվեն նման դեպքերը: Կա մեկ օրինակ. գովազդի օրենքը խախտելու համար «Hipp» ընկերության ներկայացուցչությունը  տուգանվել է 500 հազար դրամով: Սա նախադեպ է, լինելու են հետևողական»,- ասաց Կ. Սարիբեկյանը

Ներկայացված տվյալների համաձայն, կրծքով սնուցման խրախուսման միջոցով  կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13 տոկոսը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի  կյանք փրկել:

«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն իրականացվել է 2016 թվականի մայիսից  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի գործընկերությամբ, առողջապահության նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզում՝ Շիրակ, Լոռի, Արարատ, Արմավիրի և Երևանում: «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանն ասաց, որ ծրագրի նպատակն է կրծքով կերակրման խրախուսումը:

Հաղթարշավն իրականացվել է հինգ ճանապարհով՝ լայնածավալ լուսաբանում, «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ, կրծքով կերակրման սենյակների բացում, ֆոտոմրցույթ,  կրծքով կերակրումը խրախուսող պաստառների տարածում: Այսօրվա միջոցառման ընթացքում պարգևատրվեցին լուսանկարչական, բուժաշխատողների շրջանում հայտարաված մրցույթների հաղթողները:

Placeholder
Աջակցել երիտասարդ մայրերին՝ կարծրատիպերը կոտրելու և կրծքով կերակրման վերադառնալու համար. Տանյա Ռադոչայ