Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
Հասարակություն
14:13 30/11/2016
Հայաստան

Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո

Գումի մսի շուկայում մսավաճառները Panorama.am-ի նկարահանող խմբին մեղադրեցին, իբր իրացման խոշոր ցանցերն են այնտեղ ուղարկել՝ իրենց հացին վայս լինելու համար: Ամոթանքներն էլ տվեցին:

Մսի շուկա այցելությունը մեկ  նպատակ ուներ՝ հասկանալու, ինչ է փոխվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության երեկ տարածած հորդոր-հայտարարությունից հետ:



Վաճառողներից մեկն ասաց՝ երեկ մատակարարը ցույց է տվել  բժշկական թղթերը: Խոսքն ամենայն հավանականությամբ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի մասին էր: Տղամարդն ասաց, մինչ այս նման թղթեր ցույց չեն տվել: Մյուսն  էլ պատասխանեց՝ ոչինչ չի փոխվել, քանի որ միշտ էլ սահմանված պահանջներին համապատասխան են աշխատել:

Մսավաճառները սակավախոս էին, համարյա՝ լուռ: Հարցերին հիմնականում չէին պատասխանում: Մեր գնալուց հետո աշխուժություն սկսեց, արագ հեռացնում էին մայթին դրված մսերը: Արտահագուստ նրանց մեծ մասը չուներ, ասացին՝ սանգրքույկ ունեն, բայց չտեսանք:

Վերջում իրենք առաջարկեցին նկարել աղբարկղերը, որոնք լեփ լեցուն էին: Մի քանի անգամ դիմել են «Սանիթեք» ընկերությանը՝ առաջարկելով ավելացնել աղբամանների թիվը, աղբն էլ առավոտյան տանել: Ընկերությունն առաջարկներից որևէ մեկը չի բավարարել:

Երեկ ՍԱՊԾ-ն կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորեց խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին.

«Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է»:

Լուսանկարները կպատմեն, թե ինչքանով են այդ պահանջները կատարվում:


























Placeholder
Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո